Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարի Երևանի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«2011 թվականին մենք կարողացանք ամբողջությամբ ավարտել մանկապարտեզների ջեռուցման աշխատանքներն ու ապահովել մանուկների համար պատշաճ տաք ու հարմարավետ պայմաններ: Երևանի համար սա համարում եմ մեծ ու կարևոր ձեռքբերում: Մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը պետք է ավարտին հասցնենք նաև չջեռուցվող դպրոցների ջեռուցմամբ ապահովելու հարցը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել և կրթություն ստանալ»,-քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հետագա ծրագրերում կընդգրվեն նաև չջեռուցվող մշակութային օջախները, գրադարաններն ու մարզադպրոցները:
Քաղաքապետին զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները հիմնականում պատշաճ տեսքի են բերվել և պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել 2012 թվականի ծրագրերի շրջանակում նոր կառուցվող վերգետնյա հետիոտն անցումները մինչև սեպտեմբեր 1-ը բնակիչներին հանձնելու ուղղությամբ: Քաղաքապետը հատկապես կաևորել է ուսումնական հաստատությունների մոտակայքում կառուցվող անցումների շահագործման հանձնումը` հանձնարարելով խստորեն վերահսկել հատկապես այդ աշխատանքների սահմանված ժամկետում կատարումը: