Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում
Կրթություն, գիտություն
10:48 28/08/2012

Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում են «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան անվանի գիտնականներ՝ «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր, ասպետ Թիմ Հանթը և «Քիմիա» անվանակարգում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին: Երկու գիտնականների գիտական գործունեությունն առնչվում է մարդկության չարիք դարձած քաղցկեղ հիվանդության առաջացման դրդապատճառներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, դասախոսությունները հիմնականում ուղղված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին և ուսանողներին:

Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, նրանց հնարավորություն տալ շփվել աշխարհահռչակ գիտնականների հետ։ Բացի այդ, ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը, և բարձրացվի վերջինիս մրցունակությունը։
 

Placeholder
Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում