Փոխվարչապետն Արմավիրում ծանոթացել է դպրոցների վերանորոգման աշխատանքներին
Կրթություն, գիտություն
17:00 29/08/2012

Փոխվարչապետն Արմավիրում ծանոթացել է դպրոցների վերանորոգման աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, որտեղ նոր ուսումնական տարվա նախաշեմին  ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ այցելել է Մրգաստան համայնքի դպրոց, որի վերանորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 31,7 մլն դրամ: Այստեղ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և  առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտվեն:

Արտիմետ համայնքում դպրոցի նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և այն պատրաստ է նոր ուսումնական տարվան: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով այդ նպատակով  հատկացվել էր 47,5 մլն դրամ:

 Հուշակերտ համայնքի դպրոցում ծրագրի երկրորդ փուլով հատկացված 38,5 մլն դրամով կառուցվում է կաթսայատուն ու ջեռուցման համակարգ: Աշխատանքները շարունակվում են և, ըստ պատասխանատուների, չեն կարող խանգարել ուսումնական գործընթացին:

Ծրագրի երեք փուլերով շուրջ 160 մլն դրամ էր հատկացվել Լուկաշին համայնքի դպրոցի վթարային մասնաշենքի ամրացման և վերանորոգման համար: Ծրագրով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն շենքի նորոգումն ամբողջապես ավարտին հասցնելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն: Ա. Գևորգյանը տեղում պատասխանատուների հետ քննարկել է հետագա աշխատանքների շարունակման հնարավորությունները:   

Փոխվարչապետն այցելել է նաև Խանջյան համայնք, որի վթարային դպրոցի շենքի  ամրացման համար պետբյուջեից ընդհանուր առմամբ 217 մլն դրամ է հատկացվելԶեկուցվել է, որ աշխատանքներն արդեն ավարտվում են, և նոր ուսումնական տարին աշակերտները կսկսեն հիմնանորոգված դպրոցում` թողնելով մանկապարտեզի շենքը:

Ա.Գևորգյանը պատասխանատուներին հորդորել է ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք կազմակերպել այնպես, որ չխանգարեն ուսումնական գործընթացին

Համայնքներում փոխվարչապետը հանդիպել է նաև դպրոցների կոլեկտիվների և  բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: Մասնավորապես, մանկավարժների կողմից  բարձրացվեց դրույքաչափը շաբաթական 22 –ից  18-ժամյա դարձնելու հարցը, ինչին ի պատասխան Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Կրթության և գիտության ու Ֆինանսների նախարարությունների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում խնդրի հետ կապվածորոնց արդյունքներով էլ համապատասխան որոշումներ կկայացվեն: Բնակիչները բարձրացրել են գյուղմթերքի, հատկապես` կարտոֆիլի, կաղամբի և դեղձի իրացման, մթերող ընկերությունների կողմից մթերումների դիմաց ժամանակին վճարման, ապրանքի դիմաց վճարվող գնի, ինչպես նաև ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բնակիչները նշել են, որ սակավաջուր տարին ոռոգման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում և  առաջարկել առավելագույնս օգտագործել խորքային հորերը, հնարավորության դեպքում` շահագործել նորերը: Ա. Գևորգյանը խոստացել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն կառավարությունում:

Խանջյան համայնքում մտահոգություն հնչեց, որ նոր վերանորոգված դպրոցի մոտով անցնող սելավատարը կարող է վնաս հասցնել շենքին: Փոխվարչապետը նշել է, որ Քաղաքաշինության նախարարությանը կհանձնարարվի լուծում տալ խնդրին:

Փոխվարչապետը ծանոթացել է նաև Արմավիր-Լուկաշին-Խանջյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով: 6,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին:

Placeholder
Փոխվարչապետն Արմավիրում ծանոթացել է դպրոցների վերանորոգման աշխատանքներին