ՀՀ  նախագահը զրուցել է դպրոցականների հետ կրթական համակարգի բարեփոխումներից
Կրթություն, գիտություն
15:29 29/08/2012

ՀՀ նախագահը զրուցել է դպրոցականների հետ կրթական համակարգի բարեփոխումներից

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Երկրի ղեկավարը մրցանակներ և պարգևներ է հանձնել դպրոցականներին, զրուցել նրանց հետ` աշակերտներին մտահոգող տարբեր թեմաների շուրջ: 

Ինչպես panorama.am-ի լրագրողին հայտնեց «Կենգուրու» միջազգային մրցույթի մրցանակակիրներից Հրայր Հարությունյանը, ով ներկայացնում էր Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, նախագահ Սարգսյանը իրենց հետ զրուցել է կրթական համակարգի բարեփոխումներից: Նա գոհունակությամբ նշեց, որ երկրի ղեկավարը սպառիչ պատասխանել է դպրոցականների բոլոր հարցերին:

 Իր հերթին մրցույթի մեկ այլ մրցանակակիր, Երևանի թիվ 20 դպրոցի աշակերտուհի Անուշ Ղազարյանը նշեց, որ ինքը շատ տպավորված է այսօրվա միջոցառումից: Նրա խոսքով, իրենք շատ հետաքրքիր զրույց են ունեցել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Մենք հետաքրքրվեցինք, թե նախագահ դառնալու համար ինչ է անհրաժեշտ, կամ արդյոք մանկուց է ցանկացել դառնալ երկրի ղեկավար: Նախագահը շատ սպառիչ պատասխանեց, շատ հետաքրքիր էր», - ասաց նա:

 ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի սան Կարապետյան Տաթևն իր հերթին նշեց, որ ինքը շատ հպարտ է, որ նախագահի հետ այսօր գտնվել է նույն վայրում: Նրա խոսքերով, այսօր իրենով հպարտանում են իր ծնողները, ընտանիքը և ինքը խոստանում է դառնալ հայրենիքին պիտանի քաղաքացի:

Հայաստանում այս  մրցույթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: «Կենգուրուն» համարվում է աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթը, որը յուրաքանչյուր տարի նույն օրը անցկացվում է աշխարհի մոտ 50 երկրներում:

Այս տարի «Կենգուրու» մրցույթի մրցանակակիրների թիվը ավելացել է և կազմել 1201 աշակերտ, այն դեպքում, որ նախորդ տարի մրցույթին մասնակցել էր 925 աշակերտ:

Placeholder
ՀՀ նախագահը զրուցել է դպրոցականների հետ կրթական համակարգի բարեփոխումներից