«Արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը»
Օրվա թեմա
09:27 01/09/2012

«Արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը»

Սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք է ուղղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը, նախարարի ուղերձում ասված է. 

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ,  որ  գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի  ուսումնառության բոլոր տարիներին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի  երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ   գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր  մտածողությամբ  գտնելու են իրենց արժանի տեղը մեր հասարակական և քաղաքական կյանքում` դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները:  

Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, որովհետև նրանց ամնօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի` մարդկային ռեսուրսի զարգացումը:       

Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերարժևորման տարի:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ»:

Placeholder
«Արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը»