Հ. Մակուչյան. Հունգարական կառավարությունը իր այս քայլով ճանապարհ բացեց շատ-շատ վատ քայլերի համար
Հասարակություն
14:04 01/09/2012

Հ. Մակուչյան. Հունգարական կառավարությունը իր այս քայլով ճանապարհ բացեց շատ-շատ վատ քայլերի համար

Բարի, պարզ, ուժեղ տղա էր Գուրգենը: Այսպես բնութագրեց Հայկ Մակուչյանը Գուրգեն Մարգարյանին, ով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կացնի հարվածից: Հայկը հիշեց նաև մի պատմություն. «Մի ղազախ տարեց կին կար մեզ հետ: Նա լացել էր, թե կարոտում է ընտանիքն, չի կարողանում զանգել: Գուրգենը նրան տվել է իր համարը, սակայն պարզվել է, որ գումար չի եղել մեջը: Եկավ ու իմ հեռախոսը տարավ»:

Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ, որը կանխվել էր: Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Մակուչյանը նաև ներկայացրեց, թե ինչպես է եղել դեպքը. «Նույն սենյակում թույլ չէին տալիս, որ նույն ազգի սպաները բնակվեին: Իմ սենյակը գտնվում էր հարկի մի ծայրում, Գուրգենինը` մյուս: Ես ավելի զգուշավոր էի, փակում էի իմ սենյակի դուռը, Գուրգենին էլ էի ասում փակի, ասում էր` ինչ կա զգուշանալու: Գուրգենի սենյակի դուռը բաց լինելով Ռամիլ Սաֆարովը մտել է սենյակ ու կացնահարել նրան: Գուրգենի սենյակում նաև հունգարացի էր ապրում: Նա անմիջապես վազել է ոստիկանություն: Մոտ էր գտնվում: Մինչ այդ նա սկսել է ինձ փնտրել: Երբ տեսել է, որ սենյակի դուռը փակ է, սկսել է հարվածել: Իմ սենյակում լիտվացի սպա էր ապրում: Նա ինձ ասեց` մի բացի, կարող է զինված լինի: Նա անմիջապես զանգեց իր ընկերոջը, որ տեսնի, եթե զենք չունի, բացենք: Արդեն այդ ժամանակ ոստիկանները հասել էին: Երբ ես դուռը բացեցի, տեսա, որ նա ոչ թե ձեռքով, այլ արյունոտ կացնով էր հարվածել դռանը»: Հ. Մակուչյանը նաև ասաց, որ մինչ այդ միայն մեկ անգամ է հանդիպել Սաֆարովին. «Առաջին օրն էր, քննություն պետք է հանձնեինք: Չիմանալով ինչ ազգ է, ես ճանապարհը զիջեցի նրան: Նա հարցրեց` Հայաստանից ես, ասեցի` հա: Նա էլ ինձ զիջեց ճանապարհն ու ասաց` եղբայրներ ենք: Սակայն դրանցի հետո նա և ադրբեջանցի մյուս սպան այլևս մեզ չէին բարևում»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի մյուս սպային, Հ. Մակուչյանն ասաց, որ նա դատավարության ժամանակ երբեք չի հարցաքննվել. ադրբեջանցիներն ամեն ինչ արեցին, որ նա դատարան չգա: «Բայց նա շատ բան գիտի: Նա մի քանի օր Սաֆարովի սենյակում է ապրել` խախտելով կարգը, քանի որ Սաֆարովի ուկրաինացի սենյակակիցը տուն էր վերադարձել: Սակայն հենց դեպքի գիշերը նա գնացել ու իր սենյակում էր քնել, այն էլ ժամանակից շուտ»,- պատմեց սպան:

Հնարավո՞ր է թեհլելյանական վրեժի տարբերակը հարցին, Հ. Մակուչյանը պատասխանեց. «Դեռևս դատավարության ժամանակ հունգարական կողմին տեղյակ էինք պահել, որ եթե արդար պատիժ չլինի, ճանապարհ է բացվում վրեժլուծության համար: Մեզ վստահեցրեցին ու դատավճիռն էլ ապացուցեց, որ հաշվի առան հետևանքները: Սակայն հունգարական կառավարությունը իր այս քայլով` (Ռ. Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին) ճանապարհ բացեց շատ-շատ վատ քայլերի համար: Ոչ մի բան չեմ կարող բացառել, շատ մարդիկ այլ ճանապարհները կգտնեն, որովհետև ապացուցվեց, որ իրավական ճանապարհով արդարությունը չհաղթեց»:
 

Placeholder
Հ. Մակուչյան. Հունգարական կառավարությունը իր այս քայլով ճանապարհ բացեց շատ-շատ վատ քայլերի համար