Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:36 03/09/2012
ՀՊՃՀ պրոռեկտորները նորեկ ուսանողներին ներկայացրել են ուսումնական գործընթացի առաձնահատկությունները
Նոր ուսումնական տարին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) սկսվել է ճարտարագիտական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչների ու առաջին կուրսեցիների ավանդական հանդիպմամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, միջոցառմանը մասնակցելու և ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անունից նորաթուխ պոլիտեխնիկցիներին շնորհավորելու էր եկել նաև ՀՊՃՀ Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը:
«Սկսած եգիպտական բուրգերից մինչ գերժամանակակից համակարգչային աշխարհ, համոզվում ենք, որ հենց ինժեներական միտքն է ընկած մարդկության քաղաքակրթության զարգացման հիմքում: Ուստի ողջունելով ճարտարագիտական մասնագիտություն ընտրելու ձեր ցանկությունը` վստահեցնում եմ, որ դուք ընտրել եք աշխարհի ամենահեղինակավոր կրթությունը», ասել է նա:
ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա և պոլիտեխնիկական մեծ ընտանիքին միանալու կապակցությամբ, հորդորել է լինել հավակնոտ ու պահանջատեր ուսման և գիտելիքի հանդեպ, քանզի այդ ճանապարհով կհզորանա մեր հայրենիքը:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՊՃՀ պրոռեկտորները, ովքեր ներկայացրել են ՀՊՃՀ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման առաձնահատկությունները, համալսարանում գործող զեղչերի ճկուն համակարգը, արտերկրում ուսանողների շարժունության ծրագրերը, ՀՊՃՀ-ում իրականացվող հսկայածավալ հետազոտական ծրագրերը և այլն:
ՀՊՃՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, հույս է հայտնել, որ ներկաներից ոմանք տարիներ անց այս նույն դահլիճում կողջունեն նոր ընդունվածներին և կասեն. «Բարով եք եկել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան»:
Տոնական հանդիպումը շարունակվել է ՀՊՃՀ ֆակուլտետներում:
Placeholder