Վ.Հովհաննիսյան. Ժամանակն է մեր դժգոհությունն արտահայտենք ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ
Քաղաքական
13:25 05/09/2012

Վ.Հովհաննիսյան. Ժամանակն է մեր դժգոհությունն արտահայտենք ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ

Հունգարիայի իշխանությունները բոլորին արդեն զզվեցրել են իրենց էքսցենտրիկ պահվածքով, շատ հարևան երկրներ բողոքում են այս երկրից: Իսկ իր պահվածքով և դիկտատուրայով Հունգարիան շատ նման է պարոն Ալիևի գործելաոճին: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, սակայն, այն երկրները, որոնք տարբեր ատյաններ են բողոքում այս դիկտատուրայի դեմ, ամենևին էլ Հայաստանի կողքը չկանգնեցին ու լռում են: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ բողոքող երկրները` Սլովենիան և այլն, այս փայլուն օրինակը չօգտագործեցին, հետաքրքրվեց պատգամավորը ու որպես մեղավորների մատնանշեց գրեթե բոլոր եվրոպական երկրներում գործող Հայաստանի դեսպանությունների և դեսպանների անգործությունը:

Մատնանշելով այն հանգամանքը, որ ռուսական արձագանքը չի բավարարում անգամ հայ-ռուսական բարեկամության կողմնակիցներին, նրան, որ Ֆրանսիան միայն պատգամավորական մակարդակով է արձագանքել և միայն ԱՄՆ-ն է նախագահի մակարդակով իր դժգոհությունն արտահայտել, Վ.Հովհաննիսյանը նշեց, որ այլ երկրներ մինչ օրս ոչ միայն լռում են, այլև աղավաղում իրավիճակը:

Մասնավորապես, նրա խոսքով` գերմանական մամուլը ամենը ներկայացրել է աղավաղված, Հայաստանի ագրեսիայի և պատերազմ հրահրելու տեսանկյունից. «Ո՞ւր են մեր դեսպանները, ինչո՞ւ մեր դեսպանները չեն կարողանում գոնե պատգամավորներին, ուրիշներին չեմ ասում, համոզեն-տանեն, բացատրական աշխատանք տանեն.. ո՞ւր է արձագանքը: Կրկնում եմ, գոնե պատգամավորների մակարդակով արձագանք չունենք, որտեղ իբր շատ բարեկամներ ունենք»,- հետաքրքրվեց Վ.Հովհաննիսյանը:

Բացի այս, Հայաստանը հայտարարության տեքստում պետք է իր դժգոհությունը հայտնի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ, որ ամեն կրակոցից, սպանությունից ու այլանդակությունից հետո հավասարաչափ արձագանք չստանալով Հունգարիան որոշել է անել այս քայլը` «մի քիչ կխոսան կանցնի» սկզբունքով. «Ինչ եղել է, հայեր, անցած է, բայց ձեզ խելոք պահեք, հայեր: Սա են մեզ ասում: Ժամանակն է խիստ արտահայտվել»,- հավելեց  ՀՅԴ-ական Վ.Հովհաննիսյանը:

Placeholder
Վ.Հովհաննիսյան. Ժամանակն է մեր դժգոհությունն արտահայտենք ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ