Է. Շարմազանով. Հունգարիան փորձում է մոլորեցնել
Քաղաքական
13:32 11/09/2012

Է. Շարմազանով. Հունգարիան փորձում է մոլորեցնել

«Հունգարիայի իշխանությունները մեկը մյուսի հետևից սխալ քայլերի են գնում: Փոխանակ ընդունեն իրենց սխալը, ներողություն խնդրեն ու դրանից բխող քայլերի գնան, շարունակում են հայտարարել, որ իրենք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան են գործում, մի բան էլ կոչեր են հնչեցնում»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Հունգարիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որում կոչ է արվում կրկին հարաբերություններ հաստատել իր երկրի հետ, ինչպես նաև՝ մեկ անգամ ևս ընդգծում, որ իրենք միջազգային իրավունքի նորմերին համահունչ են գործել, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հունգարիայի այս գործելաոճը Հայաստանի համար անընդունելի է՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ Հունգարիան շատ լավ էլ գիտակցում է, թե իրականում ինչ քայլի է գնացել:

«Իհարկե մեր երկու ժոովուրդներին բազմադարյա բարեկամական կապերն են միավորում, մենք հունգար ժողովրդի հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում, բայց պետք է տարբերենք հունգար ժողովրդին ու նրա իշխանություններին: Հունգարիայի իշխանությունները մեր նկատմամբ բարեկամաբար չվարվեցին, ավելին՝ նրանց քայլերը հակասում են համամարդկային արժեքներին: Հունգարիայի ԱԳ նախարարը ավելի լավ կաներ իր մեջ ուժ գտներ ու ճշմարտությունն ասեր, այլ ոչ թե հերթական անգամ փորձեր մոլորեցնել բոլորին: Իր չգիտակցված քայլերով այդ երկրի իշխանությունները մեծ խոչընդոտներ են ստեղծել երկու երկրների հարաբերություններում»,- ասաց Է. Շարմազանովը:

«Ես նրանց հարց եմ ուղղում. եթե նրանք խոսում են միջազգային իրավունքից, ապա որտեղ է գրված, որ կարելի է մարդասպանին փոխանցել այնպիսի պետության, որտեղ այդ նույն մարդասպանին երկրի ղեկավարը տարիներ շարունակ հերոսացնում է»,- հավելեց նա:

Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Հունգարիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը, Է. Շարմազանովը նշեց. «Հունգարացի պաշտոնյայի հայտարարությունն ավելի շատ ուղղված է միջազգային հանրությանը, այն կառույցներին, կազմակերպություններին ու երկրներին, որոնք Սաֆարովի միջադեպի հետ կապված բազմաթիվ քննադատություններ հնչեցրեցին: Նրանք ևս մեկ անգամ փորձում են ապացուցել, որ այս հարցի պատասխանատվությունն իրենց վրա չէ և իրենք այդ գործարքում մեղավորություն չունեն»:

Placeholder
Է. Շարմազանով. Հունգարիան փորձում է մոլորեցնել