Գ. Մելիքյան. Թուրքիան ավելի լավ կանի պատասխան տա, թե ինչո՞ւ է տարածաշրջանում անընդհատ լարվածություն հրահրում
Քաղաքական
14:10 12/09/2012

Գ. Մելիքյան. Թուրքիան ավելի լավ կանի պատասխան տա, թե ինչո՞ւ է տարածաշրջանում անընդհատ լարվածություն հրահրում

Մինչև Հայաստանը դուրս չբերի իր զորքերը Ղարաբաղի 1-2 շրջաններից, Թուրքիան հայ-թուրքական սահմանների բացման հարցը չի էլ քննարկի: Այս մասին Ադրբեջանում կայացած «Թուրքիա-Ադրբեջան բարձրաստիճան ռազմավարական համագործակցություն» համաժողովից հետո Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Նշյալ թեմայի հետ կապված Panorama.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանից:

«Մեկ անգամ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմը ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացմանը: Միաժամանակ խիստ անընդունելի է, երբ Թուրքիան, չնայած միջնորդ երկրների հորդորներին, շարունակում է Հայաստանի առջև նախապայմաններ դնել»,- ասաց Գ. Մելիքյանը:

Ըստ քաղաքական գործչի՝ Թուրքիան ոչ միայն տապալել է հայ-թուրքական բանակցությունները, այլ ամեն ինչ անում է ԼՂ հարցի կարգավորման բանակցությունները տորպեդահարելու համար:

«Տարածաշրջանային անկայունության ամենամեծ մեղավորները Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք իրենց ապակառուցողական մոտեցումներով ու քայլերով տարածաշրջանն անընդհատ լարվածության մեջ են պահում»,- ասաց նա:

Մելիքյանի խոսքերով, Թուրքիան ավելի լավ կանի պատասխան տա, թե ինչո՞ւ տապալեց հայ-թուրքական գործընթացը և ինչո՞ւ է տարածաշրջանում անընդհատ լարվածություն հրահրում:

Placeholder
Գ. Մելիքյան. Թուրքիան ավելի լավ կանի պատասխան տա, թե ինչո՞ւ է տարածաշրջանում անընդհատ լարվածություն հրահրում