Հ. Մելիք-Շահնազարյան. Արցախը բանակցություններում ներգրավելը` որպես բանակցությունները շարունակելու նախապայման
Քաղաքական
12:16 17/09/2012

Հ. Մելիք-Շահնազարյան. Արցախը բանակցություններում ներգրավելը` որպես բանակցությունները շարունակելու նախապայման

«Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը լարվածության նոր պատճառ է դարձել տարածաշրջանում և միջազգային հանրության կողմից գնահատվում է որպես տարածաշրջանային անվտանգության համակարգին ուղղված լուրջ մարտահրավեր»,- այսօր, անդրադառնալով Ռ. Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու խնդրին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ Ռ. Սաֆարովի միջադեպը կարող է բանակցային գործընթացում դառնալ նոր ելակետ:

Քաղաքագետի կարծիքով` այս գործընթացում պետք է ֆիքսել մի քանի փաստարկ: Առաջինը` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությունն է, որ արդեն բոլորին ակնհայտ է, որ ԼՂ-ն որևէ կարգավիճակով չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, երկրորդը, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվել է նոր ագրեսիաների և այսօր իր գործողություններով ամեն ինչ անում է նպաստելու համար տարածաշրջանում կոնֆլիկտայնության մակարդակի բարձրացմանը:

«Եվ երրորդը` դա այն արժեհամակարգն է, որ ձևավորվել է Ադրբեջանում և պետք է որ դրանից ելնելով արևմտյան հանրությանը դարձնի հայկական կողմի դաշնակից»,- հավելեց բանախոսը:

Քաղաքագետը նշեց, որ թեև հայկական կողմը հայտարարել է, որ չի ցանկանում դուրս գալ բանակցություններից, բայց ճիշտ կլինի, եթե առաջարկի մի շարք նախապայմաններ` բանակցությունները շարունակելու համար և դրանցից ամենակարևորը ԼՂ-ին` որպես բանակցային կողմ ներգրավելն է:

«Ինչպես նաև, դիպուկահարներին շփման գծից հեռացնելու և հայկական գյուղերի գնդակոծությունը դադարեցնելու վերաբերյալ հստակ պահանջներ կարելի է դնել ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ համակարգող նախագահների, անդամ պետությունների և ՄԽ համանախագահների առջև»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Placeholder
Հ. Մելիք-Շահնազարյան. Արցախը բանակցություններում ներգրավելը` որպես բանակցությունները շարունակելու նախապայման