Կանխատեսում. Վրաստանի իշխող կուսակցկությունը 40-45 տոկոս ձայն կհավաքի
Քաղաքական
16:15 22/09/2012

Կանխատեսում. Վրաստանի իշխող կուսակցկությունը 40-45 տոկոս ձայն կհավաքի

 «Վրաստանում` հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ջավախքցիներն այս անգամ էլ կընտրեն իշխող կուսակցությանը` «Միասնական ազգային շարժմանը»», – լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` նշելով, որ նման կանխատեսման հիմքում ընկած է այն, որ Ջավախքում ինֆորմացիայի պակաս է:  

«Ջավախքում հայերը հիմնականում նայում են հայկական ալիքներ, իսկ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը չունի լծակներ` տեղեկատվությունը հայերին հասցնելու համար»,- պարզաբանեց նա: Ըստ բանախոսի` ջավախահայերի մոտ ընդդիմության նկատմամբ որոշ անվստահություն է առաջացրել նաև որոշ քաղաքական գործիչների հակակայկական հայտարարություններից հետո:  

«Իշխող կուսակցությունը որոշակի բարեփոխումներ իրականացնելուն զուգահեռ նաև զերծ է մնում հակահայկական արտահայտություններից»,- նշեց Ջոնի Մելիքյանը:

Փորձագետի կանխատեսմամբ` իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը ձայներ կտան նաև վրացաբնակ թուրքերն ու ադրբեջանցիները, մանավանդ Աջարիայի և Քվեմո Քարթլիի:  

«Վրաստանում թուրքական և ադրբեջանական խոշոր ներդրումներ են արվում, մոտ 500 միլիոն դոլլարի: Աջարիան թուրքական կապիտալով  լեփլեցուն է, բանկեր են գործում այնտեղ, Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանները  թուրքական փողով են կաոռւցում: Ադրբեջանը ներդնում է «Սոկառի» վրացական ընկերության մեջ: Բացի այդ Անկարան և Բաքում աջակցում են նաև իրենց համայնքներին: Բնական է, որ նման ներդրումների դեպքում Թուրքիան և Ադրբեջանը պետք է սատարեն Վրաստանի գործող իշխանություններին», - նշեց նա:

Ընդհանուր առմամբ, Ջ.Մելիքյանի խոսքով, Վրաստաոնւմ ուժեղ է հանրության հիասթափությունն իշխանություններից: «Ժողովուրդն իրականում շատ դժվար է ապրում: Աշխատանք չկա: Հիմնականում պետծառայողներն են, որ ունեն նորմալ աշխատավարձ: Մեծ է Վրաստանի քաղաքացիների արտագաղթը դեպի Թուրքիա  և Եվրոպա, թեև Եվրամիության արտոնագրեը հաճախ չեն տրամադրում»,  - նշեց նա: 

Սակայն, ըստ փորձագետի, իշխող կուսակցությունը կրկին կստանա խորհդրարանական տեղերի մեծամասնությունը:  «Թե վրացական բանտերի շուրջ սկանդալի, և թե հանրության դժգոհության աճի հետ` իշխող կուսակցության վարկանիշը, իրոք, ընկել է, բայց մի քանի տոկոսով: Կարծում եմ,  իշխող «Միասնական ազգային շարժումը» կհավաքի ձայների 40-45 տոկոսը», - ասաց փորձագետը:

Ընդդիմության թույլ կողմը, վրացագետի կարծիքով` նրա ոչ համախմբված լինելն է և երբեմն այլատյաց հռետորաբանությունը: Բացի այդ, նրա հիշեցմամբ` ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են ընդդիմության ազատ գործունեությունը:
«Ընտրությունների վրա կազդեն նաև իշխող կուսակցության կողմից ռուսամետության մեջ ընդդիմության հասցեին մեղադրանքները: Ռուսական գործոնը նշանակալի դեր կարող է խաղալ դրսից ագրեսիային դիմակայելու շուրջ համախմբման հարցում: Դա   միշտ օգտագործվում է իշխանությունների կողմից:  Բնական է, որ ընդդիմությունը փորձում է հանդես գալ հակառակ իմիջով, թեև հնչում են Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու կոչեր», - նշեց նա:

Ջ.Մելիքյանի կարծիքով` Արևմուտքըն ու Ռուսաստանը կփորձեն ընտրությունների վրա ազդել  յուրովի, բայց որևէ արտառոց իրավիճակ չի լինելու: «Արևմուտքը փորձում է հավասարակշռել Սաակաշվիլու և Իվանիշվիլիի կողմնակիցներին», - նշեց նա: 

Placeholder
Կանխատեսում. Վրաստանի իշխող կուսակցկությունը 40-45 տոկոս ձայն կհավաքի