Ս. Կարապետյան. Մախաչկալայի հայկական եկեղեցին վերածվել է վաճառակետի
Հասարակություն
11:48 24/09/2012

Ս. Կարապետյան. Մախաչկալայի հայկական եկեղեցին վերածվել է վաճառակետի

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում 19-րդ դարի կեսերին կառուցված Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին վերածվել է վաճառակետի, իսկ վաճառականները նույնիսկ տեղյակ էլ չեն, որ այն եկեղեցի է: Այս մասին ասուլիսում ասաց Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, ով 12 օր շրջայց էր կատարել Դաղստանում` ուսումնասիրելով հայկական պատմական հուշարձանների ներկայիս վիճակը:

Նա ներկայացրեց, թե Դաղստանի, որ հատվածում հայկական ինչ հուշարձաններ են եղել, ինչպիսի վիճակում են: Դզլար քաղաքում եղել է հայկական երեք եկեղեցի, մեկ վանք, որոնք բոլորն էլ դեռ խորհրդային տարիներից ոչնչացված են, մնացել են միայն տապանաքարերը: Դզլարում կան հայապատկան հետաքրքիր շենքեր` 1-2 հարկանի, որոնք թվագրվում են 19-րդ դարի վերջով, 20-րդ դարի սկզբով:

Դերբենդ քաղաքում պահպանվել են հայկական տապանաքարեր, որոնք թվագրվում են նաև մինչև 17-րդ դարը, հայկական եկեղեցի, որը վերածվել է թանգարանի, բնակելի շենքեր: Սամուր գետի շրջակա հատվածում (գետը ՌԴ-ի ու Ադրբեջանի սահմանն է) հայկական գյուղերի շարք է եղել, որոնք հայաբնակ են եղել մինչև 18-րդ դարը: Գյուղերից մեկում պահպանվել է եկեղեցի` կառուցված սուրբ Գրիգորիսի գերեզմանոցի վրա, նաև տապանքարեր:

Ս. Կարապետյանն ասաց, որ ընդհանուր առմամբ Դաղստանում պահպանել են հայկական գերեզմանոցներ, եկեղեցիներ, բնակելի շենքեր: «Դաղստանում հայկական մշակույթից շատ բան չի պահպանվել: Ուղղակի Հայաստանի ներկայությունը դաղստանաբնակ հայերը որևէ կերպ չեն զգում, իսկ իրենք իրենցով չեն կարողանում պահպանել լեզուն, հավատարիմ մնալ իրենց արմատներին: Դա հարկավոր է արտաքին օժանդակությամբ, այսինքն` այդ լիցքը պետք է նրանք ստանան Հայաստանից»,-ասաց նա:

Placeholder
Ս. Կարապետյան. Մախաչկալայի հայկական եկեղեցին վերածվել է վաճառակետի