ՎիվաՍել-ՄՏՍ-ը ազդարարում են նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին
Առողջություն
17:40 25/09/2012

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ազդարարում են նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցությամբ նորածնային խնամքի երկարաժամկետ ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին: Բարձրակարգ բուժսարքավորումներով ծննդատների վերազինման այս փուլն իրականացվելու է Հայաստանի 3 մարզի 10 ծննդատներում և մայրաքաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:


Ծննդատներն ունեն հատուկ սարքավորումների կարիք` հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ անկանխատեսելի բարդություններից նորածիններին զերծ պահելու և նրանց կյանքը փրկելու համար:

Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, բուժաշխատողներին աջակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը շարունակում է դրսևորվել ակտիվ նախաձեռնությամբ: Հայաստանի տարբեր մարզերի ծննդատներն անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելու ծրագիրն այս անգամ իրականացվելու է Տավուշում (Ճամբարակ, Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան), Գեղարքունիքում (Գավառ, Վարդենիս), Լոռիում (Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր) և մայրաքաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink»ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում հիշատակված մարզերի ծննդատները կհամալրվեն վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկներով, տաքացվող ներքնակներով, պուլսօքսիմետրերով, ֆոտոթերապիայի լամպով, թթվածնային շարժական բալոնով, օդափոխման համակարգով, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակներով, ներարկման մխոցներով, արտածծիչներով և պղպջակային SPAP-ներով:

«Արդեն հինգ տարի մեր ուշադրության կենտրոնում է մի ծրագիր, որի երկարաժամկետ արդյունքը մասնագետների գնահատմամբ տեսանալի է Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատված վիճակագրությամբ: Մեզ հաջողվել է տարբեր մարզերի ծննդատներն ապահովել վերակենդանացման ինտենսիվ համակարգով և բուժաշխատողներին օգնել` հիվանդությունների դեմ պայքարում խոցելի այս խմբին փրկելու հարցում: Մենք չենք կարող լինել դիտորդի դերում: Նորածինների կյանքին սպառնացող պոտենցիալ վտանգը պարտավորեցնում է լինել նախաձեռնող»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանկական մահացության համաշխարհային վիճակագրությունը (կյանքի առաջին տարվա ընթացքում ավելի քան 4մլն) ընդգծում է բժշկագիտության մեջ նեոնատալ խնամքի կարևորությունը:

Մասնագետներն արձանագրում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի համագործակցության արդյունքում Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11 տոկոսով:

 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ազդարարում են նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին