Հայալեզու «Վիքիպեդիան» զարգանում է արագ. Դասընթացներ` ԵՊՀ-ում
Կրթություն, գիտություն
09:40 26/09/2012

Հայալեզու «Վիքիպեդիան» զարգանում է արագ. Դասընթացներ` ԵՊՀ-ում

ԵՊՀ գրադարանում այսօր կմեկնարկի «Վիքիպեդիայի միջավայրում աշխատանքի հմտությունների զարգացում» խորագրով դասընթացը: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երևանի պետական համալսարանը «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը գործարկող «Վիքիմեդիա» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում են տեղեկատվական դասընթաց «Վիքիպեդիա` դպրոցներ և համալսարաններ» ծրագրի իրականացման համար:

Դասընթացի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կընձեռվի հմտանալու «Վիքիմեդիայի» կողմից իրականացվող աշխատանքներում:

«Վիքիպեդիա»-ի հայկական բլոկը զարգացնելու համար ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից ընտրված ուսանողները կհավաքագրեն անհրաժեշտ ինֆորմացիան, կտեղադրեն «Վիքիպեդիայում», կկատարեն խմբագրական և անհրաժեշտ այլ աշխատանքներ:

«Վիքիպեդիան» տեղեկատվական դաշտում իսկական հեղաշրջում է, մշակույթի մի նոր տեսակ: Wikipedia.org ինտերնետային կայքը ներկայումս առցանց գործող ամենամեծ բաց հանրագիտարանն է, որի միայն անգլերեն հոդվածների քանակը գերազանցում է 4 միլիոնը, ռուսերեն հոդվածների քանակը 850.000 է: Արագ զարգանում է նաև հայալեզու «Վիքիպեդիան», որն ունի շուրջ 30.000 հոդված: Աշխարհի արդեն 50 երկրներում «Վիքիպեդիայի» ներկայացուցչություն կա, որոնց շարքում է նաև Հայաստանը:

Placeholder
Հայալեզու «Վիքիպեդիան» զարգանում է արագ. Դասընթացներ` ԵՊՀ-ում