Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջիկա օրերին կհայտարարվի Երևանում սիրիական ծրագրով դպրոցի բացման մասին, որտեղ սիրիահայ երեխաները կսովորեն այն նույն ծրագրով, ինչ Սիրիայում են սովորել, կդասավանդեն սիրիահայ ուսուցիչները: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԿԳն հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր արդեն 500 սիրիահայ երեխաներ հաճախում են հայաստանյան դպրոցներ: «Բայց կան երեխաներ, ովքեր սպասում են այս դպրոցի բացմանը, կամ րոպե առ րոպե սպասում են, որ պետք է վերադառնան Սիրիա: Մենք կոչ ենք անում բոլոր ծնողներին, երեխաներին բերեն դպրոցներ»,- ասաց Ն. Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ նախօրեին ինքը և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդունել են այն սիրիահայերին, ովքեր Սիրիայում աշխատել են դպրոցներում, ծանոթացել, թե ով ինչ առարկայի մասնագետ է ու հենց նրանք պետք է իրենց ծրագրերով դասավանդեն սիրիական ծրագրով դպրոցում: Ըստ Ն. Հովհաննիսյանի, շատ էին անգլերենի մասնագետները, նաև` կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, երգ:
Սիրիական ծրագրով դպրոցի համար Երևանի թիվ 14 միջնակարգ դպրոցում հատկացվել է ընդարձակ տարածք: Դպրոցի բացումից հետո, ըստ ԿԳն հանրակրթության վարչության պետի, արդեն կլինի ընդունելություն, դասարանները կբաժանվեն, կկազմվի դասացուցակ ու երեխաները կսկսեն իրենց դասերը: