Էրդողանը մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային քրդերին աջակցելու համար
Քաղաքական
12:28 28/09/2012

Էրդողանը մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային քրդերին աջակցելու համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «NTV»-ի հեռուստաեթերից հայտնել է, որ քուրդ գրոհայինների ահաբեկչության հարցը Թուրքիայում չի լուծվում, քանի որ առաջին հերթին Արևմուտքը չի ցանկանում: Էրդողանը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելու մեջ մեղադրել է Գերմանիային ու Ֆրանսիային:

«Ես պարզ ասում եմ` Արևմուտքը չի ցանկանում: Գերմանիան և Ֆրանսիան չեն ցանկանում: Իրենց երկրներում ահաբեկիչներ են բուծում: Ֆինանսական աղբյուրները այնտեղ են: Սկանդինավյան երկրներն էլ մասնակցում են այդ ամենին: Ես հիմա այսպես բացեիբաց խոսում եմ, քանի որ նրանց երեսին էլ եմ ասել նույն բանը: Եվ ասում եք ահաբեկչական կազմակերպություն, և ձեր երկրներում ապաստան եք տալիս»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ «ՔԲԿ»-ը ստեղծվել է 1978թ. Դիարբեքիրում: Հիմնադիրը քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն է (Ափո), ով այժմ ցմահ բանտարկված է Իմրալը կղզու թուրքական բանտում: «ՔԲԿ»-ն ավելի քան 3 տասնամյակ զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ` նպատակ ունենալով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում հիմնել անկախ պետություն` Քուրդիստան: Թուրքիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը «ՔԲԿ»-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Placeholder
Էրդողանը մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային քրդերին աջակցելու համար