Լ. Շիրինյան. Արցախի պաշտպանական բանակի ողջ հզորությունը պետք է բերվի մարտական վիճակի
Քաղաքական
16:23 01/10/2012

Լ. Շիրինյան. Արցախի պաշտպանական բանակի ողջ հզորությունը պետք է բերվի մարտական վիճակի

«Արցախի պաշտպանական բանակի ողջ հզորությունը պետք է բերվի մարտական վիճակի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանն ու դրա վերաբերյալ Ադրբեջանից հնչող սպառնալիքներին՝ նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Բանախոսի համոզմամբ՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետաձգումը կարող է պայմանավորված լինել քաղաքական պատճառներով: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները հարկ է հաշվի առնել, սակայն դրանց անհրաժեշտ է նաև հակադարձել պատասխան գործողություններով:

«Սա նյարդերի պատերազմ է: Այն կողմը, որը կարողանա հակառակորդի կամքը ջարդել, նա էլ կկարողանա հարցը լուծել»,- ասաց Լ. Շիրինյանը և հավելեց, որ Ադրբեջանը կարող է հնչեցնել ցանկացած սպառնալիք, սակայն դա հիմք չէ. հայտարարվել է, որ կգործարկվի օդանավակայանը, ուրեմն` պետք է այդպես էլ լինի:

Քաղաքագետն ընգծեց, որ չպետք է տուրք տալ այդ սպառնալիքներին.

«Աշխարհում հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ միասին պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի թուրքական պետությանը պարտադրվի ընդունել այն իրողությունը, որ դա քաղաքացիական ավիացիա է»:

Ասուլիսին ներկա Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ իր հերթին, անդրադառնալով օդանավակայանի նախագծման ու կառուցման ընթացքին, նշեց, որ օդանավակայանի շինարարական աշխատանքները վաղուց ավարտված են:

«Օդանավակայանը որպես կառույց պատրաստ է թռիչքներ իրականացնել, սակայն դրանց հետաձգումը պայմանավորված է եղել կադրային, տարբեր կազմակերպչական ու տեխնիկական խնդիրներով, որոնք դուրս են նախագծային կամ շինարարական խնդիրների շրջանակներից»,- ասաց Տ. Բարսեղյանը:

Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության մասին՝ ճարտարապետը մասնավորապես նշեց, որ իր հավաստի տեղեկություններով օդանավակայանի շուրջ «գերանվտանգ իրավիճակ է ստեղծված, քանի որ օդանավակայանը առաջնային պաշտպանական օղակներից է»:
 

Placeholder
Լ. Շիրինյան. Արցախի պաշտպանական բանակի ողջ հզորությունը պետք է բերվի մարտական վիճակի