ԵԽԽՎ ղեկավարը անընդունելի է համարում Հունգարիայի հետ ՀՀ-ի դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը
Քաղաքական
16:24 01/10/2012

ԵԽԽՎ ղեկավարը անընդունելի է համարում Հունգարիայի հետ ՀՀ-ի դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը

«Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դա անընդունելի է», - այս մասին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Panorama.am»–ի թղթակցի հարցին՝ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:

«Ինչպե՞ս է հնարավոր, որ Եվրոպայի խորհրդի նման կազմակերպությունում մեկ անդամ-պետությունը դադարեցնի իր հարաբերությունները մյուսի հետ: Դուք պետք է բանակցություններ սկսեք: Մենք դրա համար ենք այստեղ »,- ընգծեց Ժ.Կ. Մինյոնը՝ մոռանալով, սակայն, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը:

Հիշեցնենք նաև, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:

Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին:

Հայաստանը, իր հերթին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

 

 

Placeholder
ԵԽԽՎ ղեկավարը անընդունելի է համարում Հունգարիայի հետ ՀՀ-ի դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը