Ն.Զոհրաբյան. Սաֆարովներ ծնած ու հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա դատապարտման
Քաղաքական
15:12 03/10/2012

Ն.Զոհրաբյան. Սաֆարովներ ծնած ու հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա դատապարտման

Մի քանի ժամից ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունենալու Սաֆարովի գործի վերաբերյալ:
Ներկայացնում ենք պատգամավորի ելույթը ստորև.

«Այն, ինչ կատարվեց օգոստոսի 31-ին, կարելի է համարել մեր ժամանակների ամենախայտառակ իրադարձություններից մեկը: ԵՄ անդամ Հունգարիան Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկեց Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին: Եվ հենց Բաքվի օդակայանում մարդասպանին ներում շնորհեցին, քանզի Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը ամենավեհ ազգային հերոսությունն է: Այս խատառակ գործարքը տեղի ունեցավ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, երբ էթնիկ հողի վրա հային կացնահարած գազանին իր երկրում դիմավորեցին որպես հերոսի և դիմավորողների մեջ էին նաև այս կառույցի պատգամավորներից:

Սաֆարովին արտահանձնելու որոշումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն: Հանցագործ Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի ամենամեծ խայտառակություներից մեկը:

Վերջին շրջանում մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով եվրոչինովնիկներ և եվրոպատգամավորներ գնում, որոնցից ոմանք նստած են այս դահլիճում, մեր կողքին, և բացարձակապես անհարմար չեն զգում «Ադրբեջանի խավիարակիր» տիտղոսից:

Այո, Հունգարիան հանձնեց Ռամիլ Սաֆարովին, բայց եթե Եվրոպան, եվրոպական հեղինակավոր կառույցները, մեր Վեհաժողովը, բացի հայտարարություններ անելուց հստակ քայլեր չձեռնարկեն Ադրբեջանի հանդեպ, լրջագույնս կվտանգվեն եվրոպական արդարադատությունն ու եվրոպական արժեքները:

Եվ, կարծում եմ, այլևս բոլորի համար պարզ ու հասկանալի պիտի լինի, որ երբեք ու երբեք Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել մի պետության կազմում, որտեղ ազգային հողի վրա կատարված սպանությունը համարվում է սեփական երկրին մատուցած ամենամեծ հերոսությունը:

Ի վերջո, գուցեև Ադրբեջանը կարող է գնել օլիմպիական ոսկե մեդալներ, կարող է աննախադեպ փրկագին սահմանել վախկոտ մի հրեշի համար, որը ունակ է միայն քնած մարդ կացնահարել: Սակայն, մեկ բան աներկբա է` սաֆարովներ ծնած ու սաֆարովներին հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա քաղաքակիրթ աշխարհի դատապարտմանը:

Եւ ուզում եմ ավարտել ելույթս ադրբեջանցի հրապարակախոս Յուսիֆ Սուֆինի հետևյալ դիտարկմամբ` «Ադրբեջանն իր այս քայլով միջազգային հարթակներում ամրապնդեց մարդասպաններին հերոսացնելու իր կերպարը»:

Մնում է, որ մենք ևս սթափ գնահատենք իրավիճակն ու ինքներս մեզ հարց տանք` իրավունք ո՞ւնի մեր ընտանիքում լինել մի երկիր, որի ազգային հերոսը մարդասպանն է»:

Placeholder
Ն.Զոհրաբյան. Սաֆարովներ ծնած ու հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա դատապարտման