Սերժ Սարգսյանն ընդունել է  ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին
Կրթություն, գիտություն
17:55 04/10/2012

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանրապետության ղեկավարը Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

ՏՏ բնագավառում Նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:

Հաղթողների համար սահմանվել են` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ մասնակից», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները:

Ըստ աղբյուրի, մրցանակաբաշխության գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Սինոփսիս Արմենիաե ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին ու աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:

 

Placeholder
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին