Հայաստանում 1400 դպրոցից 300-ը շտապ կապիտալ վերանորոգման կարիք ունի
Տնտեսություն
14:05 05/10/2012

Հայաստանում 1400 դպրոցից 300-ը շտապ կապիտալ վերանորոգման կարիք ունի

Այսօր հանրապետության 1400 դպրոցից 300-ը շտապ կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր Ջերմուկում մեկնարկած Գյուղական համայնքների երկրորդ համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով դպրոցաշինության խնդիրներին:

Նրա խոսքերով` պետական բյուջեով կարողանում են տարեկան 59 դպրոցի ֆինանսավորում ապահովել, սակայն դրանց վերանորոգումը ևս չեն կարողանում ավարտին հասցնել: Արդյունքում, դեռևս շատ են այն դպրոցները, որտեղ շինաշխատանքները սկսվել են, սակայն մեկ տարվա կտրվածքով չեն կարողանում ավարտին հասցնել:

«Սա լրջագույն խնդիր է»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ նախատեսվում է Համաշխարհային բանկի, ԵՄ-ի հետ դոնոր երկրների մասնակցությամբ կազմակերպել մի կոնֆերանս, որի ժամանակ կներկայացվի բարեփոխումների, ենթակառուցվածքների զարցագմանն ուղղված փաթեթ` 300 դպրոցների վերականգման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ հայթհայթելու նպատակով:

«Հակառակ դեպքում, երկար տարիներ ի վիճակի չենք լինի լուծելու այդ խնդիրը, եթե մեծածավալ ֆինանսական միջոցներ չհատկացնենք դպրոցաշինությանը»,- ասաց Տ.Սարգսյանը:
 

Placeholder
Հայաստանում 1400 դպրոցից 300-ը շտապ կապիտալ վերանորոգման կարիք ունի