Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռ.Թոփչյան. «Շարժել ենք որակի ապահովման հետ կապված մտահոգության անիվը»
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը: Այն կազմակերպվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ՝ Կրթության և գիտության նախարարության, Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության, Համաշխարհային Բանկի և Ծրագրերի իրականացման գրասենյակի մասնակցությամբ: Համաժողովն անցկացվում է «Կրթության որակի շաբաթ»-ի շրջանակներում:
Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, համաժողովի հիմնական նպատակներից է` խթանել որակի ապահովման վերաբերյալ երկխոսությունը ՈԱԱԿ-ի շահակիցների շրջանում, տարածել տեղեկատվություն ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում որակի ներքին և արտաքին ապահովման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել ապագայի մարտահրավերները և բացահայտել ՀՀ-ում կրթության որակի ապահովման բարելավման նոր հնարավորությունները:
Նրա խոսքերով՝ 2010թ-ին կայացած առաջին համաժողովը տվել է իր դրական արդյունքները: Այսօր արդեն կան փորձնական հավատարմագրման գործընթացն անցած հաստատություններ, ինքնավերլուծությունը հանձնած հաստատություններ: Ըստ՝ Ռ.Թոփչյանի՝ մինչ 2013թ-ի վերջ փորձնական հավատարմագրում կանցնեն նաև հանրապետության բոլոր բուհերը: «Ինքնավերլուծությունը լուրջ գործընթաց է ու բուհին հնարավորություն է տալիս վերլուծել բացթողումները: Այսօր կարող եմ փաստել, որ շարժել ենք որակի ապահովման հետ կապված «մտահոգության անիվը»: Մենք տեր ենք կանգնում կրթության որակին, և հուսով եմ, որ լավ արդյունքներ կունենանք»,- ասաց Ռ.Թոփչյանը: Անդրադառնալով որակի ապահովման գործոններից` ՈԱԱԿ-ի տնօրենն ասաց, որ որակն ապահովում են ուսանողները, դասախոսները, բուհի վարչական անձնակազմը և գործատուները:
Նիդեռլանդների և Ֆլանդրայի հավատարմագրման գործակալության խորհրդի նախագահ Կառլ Դիտրիխը նշեց, որ որակի ապահովումը ակնկալում է ոչ միայն լավ կրթության ապահովում, այլ նաև լավ փորձագիտություն, որը կնպաստի տնտեսության զարգացմանը: Նրա խոսքերով՝ Հայաստանը 2005թ-ից միացել է Բոլոնիայի գործընթացին և միասնական եվրոպական բարձրագույն կրթության որակին համապատասխանելու ուղղությամբ կատարվել են հսկայական քայլեր:
Նրա խոսքերով՝ համալսարանները պատրաստ են բարձր որակի կրթություն մատակարարել, սակայն տարբեր երկրների համալսարաններ տարբեր նպատակներ են իրենց առջև դնում: «Այն քայլերը, որոնք կառավարություններն իրականացնում են Բոլոնիայի գործընթացը կատարելու համար կարևոր են, սակայն պետք է զգուշացնեմ՝ անիրատեսական սպասելիքներ չունենաք»,- ասաց Կառլ Դիտրիխը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում էին հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, որակի ապահովման փորձագետներ և մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտի այլ շահակիցներ: Համաժողովի շրջանակներում փորձագետները ներկայացրեցին մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովման և հավատարմագրման գործընթացների հիմնախնդիրներն ու համաշխարհային միտումները՝ անդրադառնալով նաև ՀՀ կրթական համակարգում տեղի ունեցող արմատական փոփոխություններին:
«Կրթության որակի շաբաթ»-ի շրջանակներում նախատեսվում է նաև վերապատրաստումներ Որակի արտաքին ապահովման` հավատարմագրման, գործընթացներում ներգրավված փորձագետների, ինչպես նաև դասախոսական կազմի, վարչական աշխատակազմի և ուսանողների հետ: