Ա. Զաքարյան. Հունգարական իշխանությունները պետք է ներողություն խնդրեն
Քաղաքական
13:53 08/10/2012

Ա. Զաքարյան. Հունգարական իշխանությունները պետք է ներողություն խնդրեն

Հունգարական իշխանությունները ժողովրդավարական և համամարդկային արժեքներին իրենց հավատարմությունը ապացուցելու համար պետք է իրականացնեն որոշակի քայլեր: Անդրադառնալով Սաֆարովի գործից հետո Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցմանը և Հունգարիայի կողմից Հայաստանին ուղղված պաշտոնական նոտային, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Ըստ բանախոսի` առաջինը, ինչ պետք է անի պաշտոնական Բուդապեշտը, Հայաստանից ներողություն խնդրելն է:

«Գոյություն ունեն որոշակի նորմեր և ակնկալիքներ, որոնց պարագայում դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Հայաստանին ուղարկված պաշտոնական նոտան խիստ անբավարար է»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:

Նրա խոսքով, Հունգարական իշխանությունները պետք է կարողանան այս հարցում ապացուցել հայերիս և եվրոպացի գործընկերներին, որ եվրոպական արժեքները և պետությունների միջև փոխադարձ հարգանքը միակողմանի չեն լինում:

«Հաշվի առնելով ՀՀ շահագրգռվածությունը տարբեր խնդիրներում և Եվրամիության վերաբերմունքը առկա խնդիրներին՝ ցանկալի կլիներ, որ հունգարական իշխանությունների վերաբերմունքը ևս համարժեք լիներ գոյություն ունեցող խնդիրներին  և՛ Սաֆարովի գործի, և՛ Ադրբեջանի գործողությունների, և՛ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված»,- նշեց Արտակ Զաքարյանը:

 

Placeholder
Ա. Զաքարյան. Հունգարական իշխանությունները պետք է ներողություն խնդրեն