Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2011-2012թթ-ի ուսումնական տարում ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել բուհերից
2011-2012թթ-ի ուսումնական տարում ակադեմիական պարտքի պատճառով 1324 ուսանող դուրս է մնացել բուհերից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ 1324 ուսանողներից 130-ը կամ 10 %-ը բուհերից դուրս են մնացել վարձավճարը չմուծելու պատճառով, իսկ մնացածը` ակադեմիական պարտքի, մասնավորապես, վատ սովորելու, ծրագիրը չյուրացնելու արդյունքում: «Սա նշանակում է, որ բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, իսկ սովորելը և ավարտելը` դժվար», -ասաց ԿԳ նախարարը:
Ա.Աշոտյանը տեղեկացրեց, որ միայն Մ.Հերացու անվան բժշկական համալսարանից դուրս է մնացել 200 ուսանող, Գավառի պետական համալսարանից` 217, Ագրարային համալսարանից` 117, Ճարտարագիտական համալսարանից` 163, տնտեսագիտական համալսարանից`154, ԵՊՀ-ից` 120 ուսանող:
«Այս թվերը ապացույցն են այն բանի, որ իրականում կրթական գործընթացը բուհերում ավելի խիստ է դրված: Ես չեմ ասում, թե բոլոր խնդիրները լուծվել են, ամեն ինչ կատարյալ է, կոռուպցիոն ռիսկեր չկան, ես նման անպատասխանատու հայտարարություններ չեմ կարող անել»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքերով` բուհերից դուրս մնացած ուսանողները կարող են վերականգնվել 2013թ-ի հունվարից:
Ա.Աշոտյանը նշեց, որ նախորդ տարի փոխվել են քննությունների հանձման համապատասխան ընթացակարգերը` թույլատրելով ուսանողներին ունենալ մինչև 12 կրեդիտ պարտք: Այս դրույթը չի տարածվում ավարտական կուրսի ուսանողների վրա:
«Այսինքն` անգամ 12 կեդիտ պարտք ունենալու հնարավորություն տալով, միաժամանակ ուսանողներին ավելի մեծ հնարավորություն տրվեց, կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցին, բացի այդ` մենք կարողացանք բոլոր բուհերում քննությունները կազմակերպել ավելի խիստ, որի արդյունքում` նախորդ տարիների հետ համեմատած քննությունները` հատկապես պետական, անցան շատ ավելի օբյեկտիվ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նշվեց նաև, որ 2010-2011թթ-ին բուհերից դուրս է մնացել 1500 ուսանող: