Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդյո՞ք Իրանի Մեջլիսը Մահմուդ Ահմադինեժադին մինչև նախագահության ավարտը անվստահություն կհայտնի
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր ԻԻՀ Մեջլիսի 102 պատգամավորների ստորագրությամբ Մեջլիսի նախագահությանն է հանձնվել մի նախագիծ, որի հաստատվելու պարագայում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կհրավիրվի Մեջլիս՝ պարզաբանումներ տալու վերջին օրերին արձանագրված տարադրամի փոխարժեքի կտրուկ տատանման և շուկայի անկայուն իրավիճակի առնչությամբ:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանի շուկայում տեղի ունեցավ տարադրամի փոխանակման կտրուկ տատանում: Իրանական թումանը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց շուրջ 1800 թումանով, ինչի հետևանքով մեկ ԱՄՆ դոլարը տարադրամի փոխանակման կետերում 2000 թումանի փոխարեն վաճառվում էր շուրջ 3800 թումանով:
Երկրում ստեղծված տնտեսական անկայուն իրավիճակի պատճառով Թեհրանի Մեծ շուկայի շրջակայքում հոկտեմբերի 3-ին տեղի էր ունեցել բողոքի ցույցեր: Առևտրականների մեծ մասը տարադրամի անկայուն իրավիճակի պատճառով ստիպված փակել էր խանութները: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կառավարությանը կարգադրեց կարգավորել արտարժույթի շուկան: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին Թեհրանի շուկան կրկին սկսեց բնականոն աշխատանքը: Թումանն աստիճանաբար արժեվորվեց, 3800 թումանից իջնելով 2800-ի:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ավազ Հեյդարփուրը նախօրեին իրանական «ասրիրան.քոմ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով երկրում ստեղծված տնտեսական անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել էր.
«Պահպանողականներն անհանգստացած են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակով: Մենք չենք կարող աչք փակել ներկայիս իրավիճակի նկատմամբ: Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված չենք լինի սպասել մինչև հունիս, և եթե անհրաժեշտ լինի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անվստահություն կհայտնենք»:
Նկատենք, որ հաջորդ տարի լրանում է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանը, և համաձայն այդ երկրի սահմանադրության՝ նախագահն այլևս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին: ԻԻՀ նախագահի 11-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻԻՀ նախագահի հավանական թեկնածուներ են համարվում ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Ակնհայտ է, որ որքան մոտենա նախընտրական շրջանը, յուրաքանչյուր քաղաքական ուժ, ելնելով իր քաղաքական շահերից, փորձելու է շահարկել երկրի տնտեսական անկայուն իրավիճակը:
Ուստի դա է պատճառը, որ հակառակ Ահմադինեժադի կառավարության ձեռնարկած միջոցառումներին և Արևմուտքի կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցների փաստին, Իրանի քաղաքական շրջանակները երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը կապում են կառավարության վարած սխալ տնտեսական քաղաքականության հետ: