Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արձանագրությունները նույն վիճակում են, ինչպիսի վիճակում էին երեք տարի առաջ, երբ ստորագրվեցին: Այսինքն` կան: Այն մեկնաբանությունները, թե արձանագրությունները, փաստորեն մահացել են, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, որովհետև իրավական առումով դրանք գոյություն ունեն»,- այսօր, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Նա նաև նշեց, որ թուրքական կողմի այն մեկնաբանությունը, թե արձանագրությունների ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դա ևս չի համապատասխանում իրականությանը:
«Արձանագրությունների վերաբերյալ մեր տեսակետը չի փոխվել` դրանք Հայաստանի համար վատ արձանագրություններ են և երեք տարին ավելի քան բավարար ժամանակ է, որ դրանք դադարեն իրավականորեն գոյություն ունենալուց, որի միջոցներից մեկը Հայաստանի կողմից ստորագրությունները հետ վերցնելն է»,- ընդգծեց բանախոսը:
Նրա համոզմամբ` եթե Հայաստանը հետ վերցնի ստորագրությունները, աշխարհը կընկալի, որ Թուրքիան էր մեղավոր արձանագրությունների` այդ ճակատագրին արժանանալու հարցում:
Կ. Մանոյանը Հայաստանի համար վտանգավոր համարեց նաև այն սցենարը, եթե Թուրքիան վավերացնի արձանագրություններից մեկը` որում ժամանակացույց չկա:
«Այդ պարագայում, եթե Հայաստանը ինչ-որ բան անի, կստացվի, որ վատ բան է անում, իսկ եթե ոչինչ չանի, կկորցնի «լավ գործընկերոջ» համբավը»,- հավելեց նա:
Այնուհետև, բանախոսն անդրադարձավ նաև Բիձինա Իվանիշվիլիի հայտնի հայտարարությանը և նշեց. «Իվանիշվիլիի հայտարարությունը, պարզ է, որ մտահոգիչ է: Այն հերքվեց, բայց հերքումն էլ այնքան պարզ չէր և կարելի է ասել` նոր հարցականների տեղիք տվեց, բայց հերքելու այդ ճիգը կարևոր է այն իմաստով, որ ինչ ինքն ասել է, կամ վերագրվում է իրեն, այնքան էլ ճիշտ կամ ընդունելի չէ»: