Քաղաքացին կստանա նպաստը. Սոցծառայությունն արձագանքել է Panorama.am-ի հրապարակմանը
Իրավունք
17:01 10/10/2012

Քաղաքացին կստանա նպաստը. Սոցծառայությունն արձագանքել է Panorama.am-ի հրապարակմանը

«Քաղաքացին միանշանակ կստանա իր հոր թաղման նպաստը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով Panorama.am-ի` «Ադնակլասնիկի՞, թե՞ սոցապ նախարարություն». Քաղաքացին սոցապ ծառայությունում ծաղրի է ենթարկվել հրապարակմանը, վստահեցրեց Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Պարոն Պարոնյանը:

Նա բացատրեց, որ քաղաքացուն կենսաթոշակը վճարվում է կանխիկ և անկանխիկ եղանակով: Անահիտ Մեսրախանյանի հոր պարագայում կենսաթոշակն ստացել են անկանխիկ եղանակով, այսինքն` երբ գումարը սոցիալական ծառայության կողմից փոխանցվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկին:

«Երբ քաղաքացին մահանում է և նրա հարազատը գալիս է մահվան նպաստը ստանալու, մենք նայում ենք, որ գումար է փոխանցվել և բանկին ներկայացնում ենք հարցում: Բանկն էլ գումարը էդ հաշվից վերադարձնում է մեր հաշվին, որից հետո մենք վճարում ենք թաղման նպաստը», -բացատրեց սոցիալական ծառայության ղեկավարի տեղակալը` միևնույն ժամանակ նկատելով, որ սոցծառայությունում թոշակառուների ցուցակները ամիսը մեկ անգամ են ձևավորում, հետևաբար թաղման նպաստը վճարվում է ամիսը մեկ անգամ:

Պարոն Պարոնյանը տեղեկացրեց, որ տվյալ դեպքում քանի որ կենսաթոշակն արդեն փոխանցված է եղել բանկին, իրենք արդեն հարցում են ուղարկել «ՎՏԲ-Հայաստան» բանկին և կենսաթոշակը սոցիալական ծառայությանը փոխանցվելուց հետո, Անահիտ Մեսրախանյանը կարող է ստանալ հոր թաղման նպաստը:

Մեր դիտարկմանը, թե սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային բաժնում քաղաքացուն նրա խոսքով, արհամարհանքով են ընդունել և կոպիտ վերաբերվել` պարտադրելով բանկից տեղեկանքն անձամբ ներկայացնել, Պարոնյանը արձագանքեց. «Պետք չի, որ քաղաքացին որևէ փաստաթուղթ տանի-բերի: Բացառված է, որ քաղաքացին ինչ-որ թղթեր տանի-բերի: Ես տարածքային կազմակերպության հետ խոսել եմ, մենք կպարզենք` իրականում ինչ է եղել, և մեղավորները կպատժվեն»:

Նկատենք, որ Սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային բաժնի պետը Սամվել Հովհաննիսյանն է, իսկ հոդվածում նշված Գայանե Ղազարյանը բաժնի պետի տեղակալն է:

Նախորդող հրապարակում. «Ադնակլասնիկի՞, թե՞ սոցապ նախարարություն». Քաղաքացին սոցապ ծառայություններում ծաղրի է ենթարկվել

 

Placeholder
Քաղաքացին կստանա նպաստը. Սոցծառայությունն արձագանքել է Panorama.am-ի հրապարակմանը