Վարչապետ. Պետական բյուջեի միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում, «խայտառակ պատկեր է բացվում»
Տնտեսություն
11:45 10/10/2012

Վարչապետ. Պետական բյուջեի միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում, «խայտառակ պատկեր է բացվում»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ հոկտեմբերի 11-ին կանցկացվի խորհրդակցություն, որի ընթացքում կամփոփվեն առողջապահության նախարարության և Պետական եկամուտերի կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Անդրադառնալով շինարարության ոլորտում ՀՀ քաղաքաշինության, ֆինանսների նախարարության և Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններին` կապված պետական բյուջեի միջոցների արդյուանվետ օգտագործմանը, Տ.Սարգսյանը նշեց, որ բացահայտումները շարունակվում են և արդյունքում «շատ խայտառակ պատկեր է բացվում»:

Նրա խոսքերով` նախորդ շաբաթ այցելել է Շիրակի մարզ, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ դպրոցաշինության ոլորտում: Մասնավորապես, Տ.Սարգսյանը նշեց, որ Մեծ Մանթաշ գյուղում դպրոցի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 370 մլն, սակայն նախնական արդյունքներով շուրջ 200 մլն դրամ փոշիացվել է, ավելին` դպրոցը երրորդ աստիճանի վթարայնության է, իսկ դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ այդ ծախսերն անիմաստ են կատարել:

Նմանատիպ իրավիճակ բացահայտվել է Մասիսի թիվ 5-րդ դպրոցում: «Մեկ կամ երկու դեպք չէ, որ բացահայտել ենք, խոսքը վերաբերում է Ազգային գրադարանին: Ցավով եմ նշում, որ հենց դպրոցաշինության ոլորտում, որը մեր առաջնահերթություններից է, այսպիսի մեծածավալ փոշիացումներ են տեղի ունենում»,- ասաց վարչապետը` հավելելով, որ իրեն զեկուցվել է` արդեն գործերը հանձնվել են դատախազություն: Նա նշեց, որ ուշադիր հետևելու են այս գործերին, որպեսզի մեղավորները պատժվեն: «Նոր գործերը նույնպես հանձնելու ենք դատախազություն»,- հայտարարեց Տ.Սարգսյանը:

Ըստ նրա` ֆինանսների նախարարության ներքին աուդիտի հաշվետվություններում ներկայացվում են բացահայտումներ, թերություններ, բացթողումներ ըստ ոլորտների: Վարչապետը նշեց, որ մինչ օրս բավարարվել են հանձնարարականներով` շտկել, վերացնել, վերականգնել գումարները, սակայն այսուհետև այդպես չի լինելու: «Այսուհետև անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ խախտումները: Խնդրում եմ Ձեզ, հարգելի գործընկերներ, զգուշացրեք ձեր աշխատակազմի ղեկավարներին, վարչության պետերին, որ այսուհետև լինելու են պատիժներ և մեղավոր անձնինք կրելու են պատասխանատվություն, հատկապես, որ պետական բյուջեին հասվում է ֆինանսական վնաս»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Placeholder
Վարչապետ. Պետական բյուջեի միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում, «խայտառակ պատկեր է բացվում»