Բալոտելլին վարակվել է գրիպով և կարող է բաց թողնել Հայաստան-Իտալիա հանդիպումը
Աշխարհում
13:15 12/10/2012

Բալոտելլին վարակվել է գրիպով և կարող է բաց թողնել Հայաստան-Իտալիա հանդիպումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին որոշել էր Հայաստանի ընտրանու հետ խաղում ասպարեզ դուրս բերել երկու հարձակվողների` Բալոտելլիին և Օսվալդոյին: Իտալական մամուլի տեղեկություններով` Բալոտելլին Երևանում վարակվել է գրիպով, և նրա մասնակցությունը այսօր «Հրազդան» մարզադաշտում կայանալիք խաղին կասկածելի է: 

Երեկվա պարապմունքի ժամանակ ոտքին հարված է ստացել նաև Օսվալդոն: Եվրոպայի փոխչեմպիոնի բժշկական շտաբն արդեն հայտարարել է, որ այդ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, և նա կարող է մասնակցել հայաստանյան ազգային թիմի հետ հանդիպմանը:

Այսպիսով` առայժմ պարզ չէ, թե ով կընկերակցի Օսվալդոյին հարձակման գծում: Բացառված չէ, որ այս տեղեկությունները միտումնավոր են տարածվել իտալական ԶԼՄ-ներում` Հայաստանի հավաքականի մարզիչներին շփոթեցնելու նպատակով: Նշվում է նույնիսկ, որ, հնարավոր է, Բալոտելլին գրիպով վարակվել է այն պատճառով, որ Երևանը շատ բարձր է ծովի մակերևույթից, իսկ երեկոյան կտրուկ նվազել է սենյակային ջերմաստիճանը` հանգեցնելով նման հետևանքի:

«Բանն այն է, որ Մարիոն նորմալ մասնակցեց պարապմունքին, իսկ հետո ասաց, որ իրեն այնքան էլ լավ չի զգում»,- գրել է «Football Italia»-ն:

Եթե Բալոտելլին, այնուամենայնիվ, չկարողանա մասնակցել հանդիպմանը, նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Ջովինկոն:

Placeholder
Բալոտելլին վարակվել է գրիպով և կարող է բաց թողնել Հայաստան-Իտալիա հանդիպումը