Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի այսօր կայացած խաղում Հայաստանի հավաքականը թեպետ լավ խաղ ցուցադրեց, սակայն պարտվեց 1:3 հաշվով: Հետխաղային մամուլի ասուլիսին թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ներկայացավ երկակի զգացումներով. պարտությունը չի կարող ուրախացնել, իսկ լավ խաղն ակնհայտ էր:
«Նախ շնորհավորում եմ Իտալիայի հավաքականին հաղթանակի առթիվ: Այսօր մենք ցուցադրեցինք այս տարվա լավագույն խաղերից մեկը, եթե ոչ` լավագույնը: Տեսանք այն խաղը, որն ակնկալում էինք: Ագրեսիվ էինք գործում, և 1:1 հաշվի ժամանակ այնպիսի վիճակ էր, որ առաջինը գոլ խփող թիմն էլ կհաղթեր: Հանդերձարանում տղաներին ասացի, որ գոհ եմ իրենց խաղից: Մի մոռացեք, որ սա Իտալիայի հավաքականն է: Տակտիկապես շատ գրագետ է, ինչը վերջերս կայացած սեմինարներից մեկի ժամանակ դա խոստովանեց նաև Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Հիմա ես տխուր եմ, որովհետև զգում էի, որ կարող ենք հաղթել, բայց, ցավոք, պարտվեցինք:
Բաց թողած գոլի առաջին դրվագի մասին ոչինչ չեմ կարող ասել, իսկ մյուս գոլերը կենտրոնական պաշտպանների սխալների արդյունք էին: Բայց ես չեմ ուզում առանձին-առանձին խոսել պաշտպանական գծի խաղացողների մասին, քանի որ թիմի պաշտպանությունն սկսվում է Յուրա Մովսիսյանից: Հայաստանի ներկայիս հավաքականը հեռանկարային թիմ է, և մենք դեռ հաջողություններ կունենանք»,- նշեց Վարդան Մինասյանը: