Ա.Ասատրյան. Պետք է անենք առավելագույնը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք  չզգան իրենց տարբերությունը
Հասարակություն
12:18 16/10/2012

Ա.Ասատրյան. Պետք է անենք առավելագույնը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չզգան իրենց տարբերությունը

«Հույս ունեմ, որ մեր քաղաքականության շրջանակում շատ արագ կանդրադառնանք այն բացերին ու թերություններին, որոնք մեզ ցույց են տալիս տվյալ հետազոտությունը»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ, հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նաև ավելացրեց, որ հետազոտության արդյունքները բավականին օգտակար կլինեն սոցիալական ծառայությունների տրամադրման մեխանիզմների բարելավման ընդհանուր գործընթացում, որպեսզի բացառվեն հաշմանդանության պատճառով դպրոց չհաճախելու դեպքերը, ընդլայնվեն համայնքային ծառայությունները և այլն:

«Այս զեկույցի հիման վրա մենք կնախագծենք ծրագրեր ու լուծումներ կփորձենք գտնել առկա խնդիրներին: Մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չզգան իրենց տարբերությունը»,- հայտարարեց նախարարը:

Նա նաև ընդգծեց, որ մեկ ծառայությամբ կամ մեկ միջոցառմամբ հնարավոր չի լինելու լուծել կոմպլեքս խնդիրները, իսկ քանի որ հետազոտությունը այսօրինակ առաջին մեծամասշտաբ ուսումնասիրությունն է և պարունակում է տեղեկատվության հարուստ շտեմարան, ապաև այն կօգտագործվի կառավարության կողմից ոլորտում վարվող քաղաքականության ուղղությունների ընտրության համար:

Պաշտոնապես հաստատված հաշմանդամ երեխաների թիվը կազմում է Հայաստանի երեխաների մեկ տոկոսը` 8 հազար երեխա, սակայն կան բազմաթիվ երեխաներ, որոնք չունեն հաշմանդամության կարգավիճակ ու շարունակում են անտեսանելի մնալ համակարգի համար:

Placeholder
Ա.Ասատրյան. Պետք է անենք առավելագույնը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չզգան իրենց տարբերությունը