Կրթական համաժողով Երևանում. «Ժամանակակից պետությունը չի կարող կայունանալ առանց արդյունավետ կրթության»
Կրթություն, գիտություն
13:35 18/10/2012

Կրթական համաժողով Երևանում. «Ժամանակակից պետությունը չի կարող կայունանալ առանց արդյունավետ կրթության»

Երևանում այսօր բացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը: Երկօրյա միջոցառման կազմակերպիչն է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Առաջին անգամ է, որ համագումարին մասնակցում են ԱՊՀ անդամ 9 պետությունների պատվիրակություններ` շուրջ 500 պատվիրակ:

Համագումարն ընթանում է «ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրի ներքո: Համագումարի նպատակն է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2010 թվականին կայացած 1-ին համնագումարի որոշումների կայացումը, ժամանակակից հասարակությունում ուսուցչի դերի և տեղի բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների նշակումը:

Համագումարը ողջույնի խոսքով բացեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադրի ղեկավարը կարևորեց նման միջազգային միջոցառման անցկացումը` համագործակցության զարգացումը խթանելու համար:

Խոսելով կրթության ոլորտի առջև կանգնած խնդիրների և մարտահրավերների մասին, նա ասաց. «Ժամանակակից պետությունը չի կարող կայունանալ առանց արդյունավետ կրթության, հասարակությունը պետք է այնպես կառուցվի, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ինքնահաստատվել, ցույց տալ իր տաղանդը»: Վարչապետը ընդգծեց, որ պետությունները զարգացած են լինում կրթությամբ և մշակույթով, այլ ոչ թե ` տնտեսական հնարավորություններով:

Տիգրան Սարգսյանը նաև հիշատակեց Հայաստանի կրթական ոլորտում շարունակաբար իրականացվող բարեփոխումները, շեշտելով, որ ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցվի այնպես, որ յուրաքանչյուր մարդ կարողանա հարստացնել իր գիտելիքները:

Նշենք, որ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրում, որտեղ ընթանում է համագումարը, կազմակերպվել է նաև Էքսպո ցուցահանդես, որը նպատակաուղղված է ԱՊՀ անդամ երկրներում կրթական բարեփոխումների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, հեղինակային և այլընտրանքային կրթական մեթոդների առանձնահատկությունների, լրացուցիչ կրթության հաջողված օրինակների, ուսումնամեթոդական նյութերի և ձեռնարկների, փորձի փոխանակման ներկայացմանը:

Placeholder
Կրթական համաժողով Երևանում. «Ժամանակակից պետությունը չի կարող կայունանալ առանց արդյունավետ կրթության»