Հոգեբան. Դրական, առողջարար գովազդներ մեզ մոտ գրեթե չկան
Հասարակություն
13:35 23/10/2012

Հոգեբան. Դրական, առողջարար գովազդներ մեզ մոտ գրեթե չկան

Գովազդի ոլորտում հսկայական անելիք ունենք: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց լեզվաբան Գագիկ Գյուրջինյանը: Իր ասածը հիմնավորելու համար նա նշեց. «Օրենքի պահանջների խախտում կա. ռուսերենով գովազդը թեև ուղեկցվում է շատ մանր տառերով հայերեն մակագրությամբ, սակայն անդադար լսում ենք օտար լեզվով գովազդ: Կամ` հայերեն գովազդ է, բայց վայ այդ հայերենին, լեզվական խայտառակ սխալներով են լինում»:

Միաժամանակ նա նշեց, որ կան շատ գրագետ հայերենով գովազդներ: Լեզվաբանի խոսքով, պետք է գրագետ լինեն գովազդի տեքստ գրողները, պատրաստողները:

Ասուլիսին ներկա հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը նշեց, որ տասը տարի առաջվա համեմատ, գովազդի որակը լավացել է, բայց, ըստ նրա, գովազդի ոլորտում լավ մասնագետներ այնքան էլ շատ չեն Հայաստանում:

Հոգեբանն ասաց, որ գովազդների պատրաստման ժամանակ հաճախ հոգեբանական նրբությունները հաշվի չեն առնում, մինչդեռ այդ նրբությունների հաշվին կարելի է ավելի մեծացնել գովազդի ազդեցությունը:

Ս. Խուդոյանի խոսքով, դրական, առողջարար գովազդներ մեզ մոտ գրեթե չկան, չկան նաև առողջ ապրելակերպի դրդող գովազդներ: «Շատ է քաղցրավենիքի գովազդը, որը վատ է երեխաների համար»,- ասաց նա:

Լեզվաբանն էլ նշեց, որ ավելի վտանգավոր է վիճակախաղերի գովազդները:

Նշենք, որ այսօր Գովազդի միջազգային օրն է:

Placeholder
Հոգեբան. Դրական, առողջարար գովազդներ մեզ մոտ գրեթե չկան