Ալլեգրի. «Իմ ապագայի մասին հարցերն ուղղեք ակումբի ղեկավարությանը»
Աշխարհում
12:35 25/10/2012

Ալլեգրի. «Իմ ապագայի մասին հարցերն ուղղեք ակումբի ղեկավարությանը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին «Մալագայից» 0:1 հաշվով պարտությունից հետո հրաժարվել է քննարկել իր պաշտոնանկության հնարավորությունը:

«Առաջին խաղակեսում ամեն ինչ նորմալ էր, սակայն երկրորդում մենք դժվարությամբ էինք անցնում կենտրոնը, որովհետև մրցակիցը լավ էր վերահսկում գնդակը, իսկ մենք հեշտ էինք կորցնում: Առաջին խաղակեսում լավ հնարավորություններ ունեինք, սակայն գրոհների վերջնամասում ոչ ճիշտ որոշումներ էինք կայացնում: Չնայած «Մալագային» հնարավորություն չտվեցինք շատ պահեր ստեղծել, բայց, միևնույն է, գոլ բաց թողեցինք:

Խաղից հետո ոչ մեկի հետ չեմ խոսել, սակայն ակումբի նախագահն այսօր զանգահարեց ինձ: Բոլորս էլ գիտենք, որ այնքան էլ հասարակ իրավիճակում չենք հայտնվել: Ես դա հասկանում եմ, ինչպես ոչ ոք: Բայց կարող եմ ասել, որ դուրս կգանք այս վիճակից: Դրա համար բոլոր ջանքերը կգործադրենք: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում դեռ երկրորդ տեղում ենք:

Այժմ պետք է կենտրոնանանք «Ջենոայի» հետ խաղի վրա, որը գլխավորել է Լուիջի Դել Ներին: Արդյոք այդ խաղում ես կղեկավարե՞մ թիմը: Այդ հարցով պետք է դիմեք ակումբի ղեկավարությանը: Հիասթափված եմ մեր արդյունքներից, սակայն կարծում եմ, որ «Միլանն» արժանի չէ Իտալիայի առաջնությունում այն տեղին, որն այժմ զբաղեցնում է»,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:

Placeholder
Ալլեգրի. «Իմ ապագայի մասին հարցերն ուղղեք ակումբի ղեկավարությանը»