Ավստրալիական նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Քաղաքական
12:08 25/10/2012

Ավստրալիական նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը։

Պարբերականի փոխանցմամբ, հոկտեմբերի 25-ին ընդունված բանաձևը Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի ամիսներ տևած աշխատանքի արդյունք է:

Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հարաբերություններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ:

Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ներկա է եղել բանաձևի քննարկումներին և ընդունմանը:

«Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը։ Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան ռեժիմից»,-նշել է Վաչե Ղահրամանյանը։

«Լեռնային Ղարաբաղը հիմա ստանում է մի կարգավիճակ, որին նա արժանի է` անկախություն, ժողովրդավարական հանրապետություն: Սա կարևոր ուղենիշ է հայ-ավստրալիական համայնքի և մասնավորապես հայկական համայնքի համար»,- ասել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանը։

Placeholder
Ավստրալիական նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը