«Չելսին» դժգոհ է Մարկ Կլետենբուրգի աշխատանքից
Աշխարհում
13:25 29/10/2012

«Չելսին» դժգոհ է Մարկ Կլետենբուրգի աշխատանքից

Լոնդոնյան «Չելսին» Պրեմիեր լիգայի պատվիրակին բողոք է ներկայացրել «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մրցավար Մարկ Կլետենբուրգի դեմ: «Չելսին», ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարել է, որ մրցավարը ոչ միայն փչացրել է խաղը ոչ ճիշտ որոշումներով, այլև որոշ արտահայտություններով վիրավորել է ֆուտբոլիստներին:

«Մենք Պրեմիեր լիգայի պատվիրակին բողոք ենք ներկայացրել մեր երկու ֆուտբոլիստների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար,- նշել է «Չելսիի» ներկայացուցիչը:- Պատվիրակն այն կներկայացնի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա: Առայժմ այլ մեկնաբանություններ չենք անի»:

Մարկ Կլետենբուրգն արդեն պատրաստակամություն է հայտնել` բացատրելու բոլոր փաստերը, իսկ մրցավարական կոմիտեն խոստացել է ուշադիր քննարկել խնդիրը:

Ըստ BBC-ի տեղեկությունների` «Չելսին» Կլետենբուրգին մեղադրում է նաև ռասիստական բնույթի վիրավորանքների մեջ, իսկ երկու ֆուտբոլիստներից մեկը, ում վիրավորել է մրցավարը, Ջոն Օբի Միկելն է:

Placeholder
«Չելսին» դժգոհ է Մարկ Կլետենբուրգի աշխատանքից