ՀՀ նախագահին ներկայացվել են  հնագիտության խնդիրներն ու  հեռանկարները
Մշակույթ
16:16 31/10/2012

ՀՀ նախագահին ներկայացվել են հնագիտության խնդիրներն ու հեռանկարները

 Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հնագիտության նվաճումները.2012 թվական» խորագրով խորհրդակցություն, որտեղ ներկայացվեցին մեր երկրում հնագիտության ընդհանուր վիճակը, ծրագրերն ու հեռանկարները, խնդիրներն ու առաջնահերթությունները:

Խորհրդակցությանը մասնակցած ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կարևորելով այսօրվա քննարկումը` լրագրողներին հայտնեց, որ Հանրապետության ղեկավարի կողմից հանձնարարություն եղավ մշակույթի, կրթության և գիտության նախարարություններին` համատեղ քննարկել ոլորտում առկա իրավիճակը և առաջ բերել այն կարևորագույն խնդիրները, որոնք պետք է լուծվեն:

«Այս ոլորտի բոլոր կարևոր դեմքերը կարողացան իրենց մտահոգությունները հայտնել և այս ամենի արդյունքում կմշակվի այն ծրագիրը, որը հատուկ օժանդակություն կստանա ՀՀ նախագահի կողմից»,- ասաց Հ.Պողոսյանը:

Ըստ նախարարի` երկրի ղեվարարին զեկուցվեց, որ թեև ոլորտին տրամադրվող միջոցները աճում են, բայց գոյություն ունեն մի շարք խնդիրներ: Մասնավորապես, նախարարի խոսքով , դրանք են` գիտական ենթակառուցվածքներ, պահուստների առկայության, լաբորատորիաների, կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերը:

Նախարարը կարևորեց հնագիտության զարցացումը և առկա մարտահրավերների հաղթահարումը ոչ միայն որպես գիտական ոլորտ, այլ` նաև որպես եկամուտ բերող, քանի որ այն գիտական զբոսաշրջության նեցուկն է:

«Քանի որ շատ հնագիտական վայրեր չեն կարող պատշաճ քանակությամբ զբոսաշրջիկ ընդունել, քննարկվեց նաև այն հնավայրերի ցանկը, որտեղ կարող են իրականացվել ամրակայումներ: Այստեղ պետք է որոշվեր, թե որ հուշարձանների ամրակայումն է առաջնային: Զեկուցման ընթացքում ընտրել ենք առավել կարևորները: Նման ընտրությունը դժվար է, քանի որ պետք է շատ խիստ և  նպատակային կատարվի», - նշեց Հ.Պողոսյանը:

Ըստ մշակույթի նախարարի` խոսվել է  երիտասարդ հնագետների դպրոցի մասին, բարձրաձայնվել հնագետ մասնագիտությամբ մագիստատուրայի ժամկետի մեծացման անհրաժեշտության մասին, ներկայացվել են  երիտասարդ կադրերի ներգրավմամբ ԱՊՀ և այլ ծրագրեր: 

Placeholder
ՀՀ նախագահին ներկայացվել են հնագիտության խնդիրներն ու հեռանկարները