«Սպարտակ Ղուկասյանի՝ «օրենքով գող» դառնալը ծիծաղելի է»
Իրավունք
10:01 31/10/2012

«Սպարտակ Ղուկասյանի՝ «օրենքով գող» դառնալը ծիծաղելի է»

Վերջերս մամուլով տարածված տեղեկությունները, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ամեն ինչ անում է իր որդուն՝ Սպարտակ Ղուասյանին օրենքով գող կարգելու համար, ծիծաղեցնում են քրեական հեղինակությունների մասին գրքերի հեղինակ, հրապարակախոս Սերգեյ Գալոյանին:

«Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող կարգելու մասին լուրերը ծիծաղելի են: Լավ էլի, լավ էլի ըտենց բան չի կարելի», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ մասին տեղեկություններին ասաց Գալոյանը:

Նրա խոսքով, «օրենքով գող» դառնալու համար երկար ու դժվար ճանապարհ պետք է անցնել, կատարել դրա համար անհրաժեշտ մի քանի կանոններ: ««Օրենքով գողը» չպետք է երբևէ զագսով ամուսնացած լինի, չպետք է սեփականություն ունենա, չպետք է ծառայած լինի որևէ երկրի որևէ բանակում, պետական որևէ հիմնարկում աշխատած չպետք է լինի, չպետք է ոստիկանական բաժանմունքում որևէ ցուցմունք ստորագրած լինի, իսկ Սպարտակը մեռավ ցուցմունքներ ստորագրելով, նա ո՞նց կարա «օրենքով գող» լինի», -նկատեց Սերգեյ Գալոյանը:

Միևնույն ժամանակ, ըստ Գալոյանի, վերջին տարիներին վրացիների վատ ավանդույթի պատճառով շատացել է «օրենքով գող» կոչումը գնողների թիվը և դա հենց վրացիների շրջանում: Նրա ուսումնասիրությամբ, վերջին տասը տարվա ընթացքում վրացիները, որոնք ունեին ընդհանուր առմամբ 28 «օրենքով գող», դրանց թիվն ավելացավ 280-ով:

Ինչ վերաբերում է ազգությամբ հայ «օրենքով գողերին», ապա ըստ Գալոյանի, 1996-97 թվականներից հետո հանցագործ աշխարհի ու իրավապահների կողմից կազմված ցուցակում եղել են 950 «օրենքով գողեր», որոնցից 76-ը եղել են հայեր: Նրանք, ըստ Գալոյանի, հիմնականում գործել են Հայաստանից դուրս:

Placeholder
«Սպարտակ Ղուկասյանի՝ «օրենքով գող» դառնալը ծիծաղելի է»