Սփյուռքի նախարարությունից հերքում են. «Սիրիահայ կինը նախարարությունից նեղված գնալու խնդիր չուներ»
Հասարակություն
19:22 31/10/2012

Սփյուռքի նախարարությունից հերքում են. «Սիրիահայ կինը նախարարությունից նեղված գնալու խնդիր չուներ»

«Սփյուռքի նախարարությունում այսօր քաղաքացիների ընդունելության օր է եղել, և ինչպես և բազմաթիվ այլ սիրիահայեր, նախարարի հետ հանդիպման էր եկել նաև Շուշանիկ Նունուշյանը: Ինչպես և մյուսներին, այդպես էլ այդ կնոջը ուղորդվեց այն կառույցը, որտեղ իրենց խնդիրների մասով իրավասու են պատասխանել»,-արձագանքելով Panorama.am-ի այսօրվա «Հրանուշ Հակոբյանը` սիրիահայ կնոջը. Շատ սիրուն ես, գնա աշխատանք գտի» հրապարակմանը` տեղեկացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամլո քարտուղար Սաթենիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով, Շ.Նունուշյանը նախարարից օգնություն է խնդրել, բայց ոչ աշխատանք.

«Միայն ասաց` ես օգնության կարիք ունեմ, նախարարն էլ մեր աշխատակցին ասաց, որ կնոջը ուղեկցեն, համապատասխան հեռախոսահամարներ տան այն կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների, որոնք զբաղվում են սիրիահայերի խնդիրներով, քանի որ նախարարությունը որևէ տեսակի նյութական աջակցություն չի տալիս»,- ներկայացրեց Ս.Մկրտչյանը:

Մամլո քարտուղարը նշեց նաև, որ չի հիշում կոնկրետ նախարարի կողմից ասվել է «սիրուն ես» թե ոչ, բայց նախարարի ասածը վերաբերում էր նրան, որ կինը կարող է աշխատել: Հիշեցնենք, Panorama.am-ի հետ զրույցում սիրիահայ կինը պատմել էր նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման մանրամասները.

«Ըսավ` դուն շատ սիրուն ես, բայց քեզի չենք կըրնա օգնել. գնա աշխատանք գտի, աշխատի»:

Սաթենիկ Մկրտչյանը ասաց, որ թեև կոնկրետ աշխատանքի հարցով Շ.Նունուշյանը իրենց չի դիմել, այդուհանդերձ նախարար Հակոբյանի ուղղորդած կենտրոնը զբաղվում է նաև այդ հարցով` աջակցում է գտնել աշխատանք և այլն:

«Հնարավոր տեղեկատվությունը սիրիահայ կինը ստացել է, ինքը նախարարությունից նեղված գնալու խնդիր չուներ ու բարձր տրամադրությամբ է հեռացել նախարարությունից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը` հավաստիացնելով, որ Շ.Նունուշյանին բարձր մակարդակի, սիրալիր վերաբերմունք է տրվել:  Ու նաև կրկնեց, որ կնոջ պատմածը իրականությանը չի համապատասխանում: 

Placeholder
Սփյուռքի նախարարությունից հերքում են. «Սիրիահայ կինը նախարարությունից նեղված գնալու խնդիր չուներ»