Հայաստանը` բլոգերների միջազգային մրցույթի հովանավոր
Տնտեսություն
13:52 05/11/2012

Հայաստանը` բլոգերների միջազգային մրցույթի հովանավոր

Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը:

Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը:

Այս մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են՝ «Մետաքսե ճանապարհին» նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգերում:

Ինչպես տեղեկացրել էր Panorama.am-ը, նոյեմբերի 5-8-ին Լոնդոնում տեղի կունենա «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 11 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 189 երկրներից ավելի քան 5000 զբոսաշրջային ընկերություններ:

Placeholder
Հայաստանը` բլոգերների միջազգային մրցույթի հովանավոր