32 տարվա դադարից հետո վերաբացվել է Դիարբեքիրի հայկական եկեղեցին
Տարածաշրջան
12:45 05/11/2012

32 տարվա դադարից հետո վերաբացվել է Դիարբեքիրի հայկական եկեղեցին

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 32 տարվա դադարից հետո բացել է իր դռները հավատացյալների համար: Ըստ թուրքական լրատվամիջոցների` պատարագը մատուցել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Կրոնական արարողությանը մասնակցել են բազմաթիվ հայ ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Կանադայից:

Այս եկեղեցին Մերձավոր Արևելքի հայկական եկեղեցիներից ամենամեծն է: Երկուսուկես տարվա ընթացքում վերանորոգվելուց հետո եկեղեցու գմբեթին ամրակցվել է Մոսկվայում պատրաստված 100կգ բրոնզեձույլ խաչ: Վերանորոգման ծախսերը հոգացել է հայկական համայնքը: Ֆինանսական աջակցություն է ցույց տվել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ.: Եկեղեցու զանգակատունը բարձր է եղել շրջակա մզկիթների աշտարակներից, այդ պատճառով մահմեդականները 1915-ին հրետակոծել և մասամբ փլուզել են այն: Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական զորքերի համար եկեղեցու շենքը ծառայել է որպես զինվորական շտաբ: Իսկ հետպատերազմյան տարիներին հայկական այդ եկեղեցին օգտագործվել է որպես բամբակի պահեստ:

Placeholder
32 տարվա դադարից հետո վերաբացվել է Դիարբեքիրի հայկական եկեղեցին