Նարիմանյանը` Բժշկականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Կրթություն, գիտություն
17:08 05/11/2012

Նարիմանյանը` Բժշկականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին:

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնել ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսն երին բնականոն կազմակերպելու համար:

Հաջողություն մաղթելով ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած բուհի գիտական գծով պրոռեկտոր Մ. Նարիմանյանին՝ նախարարը նշել է. «Բժշկական համալսարանն ունի կառավարման լավագույն ավանդույթներ, որոնք, համոզված եմ, կնպաստեն, որ պետական քաղաքականությունը արդյունավետ տեղայնացվի: Մեր ակնկալիքները բժշկական համալսարանից բավական մեծ են, համալսարանը, ինչպես գիտեք ընդգրկվել է մասնագիտական կրթության որակի միջազգային համակարգում և, բնականաբար, հսակայածավալ աշխատանք կա իրականացնելու»:

Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն, տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:
 

Placeholder
Նարիմանյանը` Բժշկականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար