«Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղ­թա­հարում». Երևանում Թարգմանիչների և հրա­տա­րա­կիչների 6-րդ միջազ­գա­յին համաժողովն է
Մշակույթ
19:18 06/11/2012

«Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղ­թա­հարում». Երևանում Թարգմանիչների և հրա­տա­րա­կիչների 6-րդ միջազ­գա­յին համաժողովն է

 ՀՀ մշակույթի նա­խա­րարության և ԱՊՀ հու­մա­նի­տար համագործակցության միջպետական հիմնա­դրամի աջակ­ցու­թյամբ նոյեմբերի 5-8-ը Երևանում ընթանում է Թարգմանիչների և հրա­տա­րա­կիչների 6-րդ միջազ­գա­յին համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, այս տարի այն ընթանում է «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղ­թա­հարում» խորագրի ներքո:

Ըստ աղբյուրի՝ եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռք­բերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար` Հրատարակիչների մի­ջազ­գային ասո­ցիա­ցիայի և «Նեքսթ փեյջ» հիմնադրամի համա­գոր­ծակ­ցու­թյամբ` մասնագիտական քննարկումների առանցքում պահելով հեղինակային իրավունքի հետ կապված և այսօր ամբողջ աշխարհում արդիական բոլոր հարցերը: Սեմինարին, Հրատարակիչների միջազգային ասոցացիայի աջակցությամբ կմասնակցեն հայտնի փորձագետներ` Անտյե Սորենսենը և Ռիչարդ Բալկվիլը, ովքեր կներկայացնեն հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և ձեռքբերման գործում արդի հիմնախնդիրները: Հայաստանյան փորձագետները կքննարկեն մեր երկրում առկա իրավիճակն այս բնագավառում` խնդիրներն ու մարտահրավերները: Այնուհետև, քննարկում կծավալվի անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխությունների շուրջ:

Երևանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանա­կան գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների դասա­խո­սու­թյուն­նե­րով, վարպետության դասերով, գրական ընթերցումներով: Մասնավորապես, ԵՊՀ, ԵՊՀԼ և Սլավոնական համալսարանում տեղի կունենան բանաստեղծ և էսսեիստ Իգոր Սիդի /Ուկրաինա/, արձակագիր Մարգարիտա Խեմլինի /ՌԴ/, բանաստեղծ և թարգմանիչ Սերգեյ Մորեյնոյի /Լատվիա/ դասախոսություններն ու վարպետության դասերը, հեղինակային ընթերցումներով հանդես կգան Էդուարդ Հարենցը /ՀՀ/, Եվգենի Չիգրինը /ՌԴ/, Անահիտ Թադևոսյանը /ՀՀ/ և Շոթա Իատաշվիլին /Վրաստան/:

Համաժողովի աշ­խատանքային խմբերը կանցկացնեն երեք կլոր սեղաններ` «Թարգմանական արվեստի ուսուցման ժա­մա­նակակից մեթոդները», «Անհայտ» գրականություններ. թարգմանական ու հրա­տա­րակ­չական փորձը», «Փոքր լեզուների» թարգմանության դժվա­րու­թյուն­ները» խորագրերով: Կլոր սեղանների մասնակիցները կխոսեն հրատարակչական շուկայի և տպաքանակի գործոնի, թիրախային ընթերցողի վերհանման խնդրի, գրականության տարածման և հանրայնացման գործում գրական գործակալի դերի, ոչ մեծ տարածում ունեցող լեզուների թարգմանիչների ուսուցման առանձանահատկությունների, ինչպես նաև որոշ լեզուների պարագայում նաև սփյուռքի գործոնի մասին:

Միջազգային հավաքի շրջանակում անցկացված շնորհանդեսների թվում համաժողովի մասնակիցներին կներկայացվի Ալեքսանդր Բոժկոյի «Հավերժական շարժում» գիրքը` նվիրված Միխայիլ Կոցյուբինսկու և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական առնչություններին: Կոցյուբինսկու ստեղծագործության հիմքի վրա Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում Փարաջանովի նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը մեծ ճանաչում է բերել ռեժիսորին և, ըստ էության, դարձել պոետիկ կինոյի լավագույն ֆիլմերից մեկը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Փարաջանովի թանգարանում և կանցկացվի «Միխայիլ Կոցյուբինսկի և Սերգեյ Փարաջանով. երկու հանճարների հանդիպումը» խորագրի ներքո:

Համաժողովի օրերին հատուկ գրական-երաժշտական ծրագրով ֆորումի մասնակիցների գնահատմանը կներկայանան Վադիմ Մեսյացը, Տատյանա Դանիլյանցը և Արեգ Միրզոյանը: Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձներ կլինեն նաև հայ ազգային թարգմանական մշակույթի լավագույն ավանդույթներին և 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը:

Placeholder
«Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղ­թա­հարում». Երևանում Թարգմանիչների և հրա­տա­րա­կիչների 6-րդ միջազ­գա­յին համաժողովն է