Ս. Նիկոյան. Պառլամենտական կառավարման համակարգի անցման գաղափարը նոր չի ներմուծվել
Քաղաքական
13:48 07/11/2012

Ս. Նիկոյան. Պառլամենտական կառավարման համակարգի անցման գաղափարը նոր չի ներմուծվել

«ՀՀԿ-ում այս նախաձեռնության մասին քննարկումներ դեռևս չեն եղել այդ իսկ պատճառով ես կարող եմ ներկայացնել միայն իմ տեսակետները: Չեմ կարծում, թե ԲՀԿ-ի կողմից բարձրացված խնդիրների արդյունավետ լուծումը կառավարման մոդելի փոփոխությունների հետ է կապված»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ի հայտարարությունը և ըստ Ձեզ, արդյո՞ք ԲՀԿ-ի կողմից մատնանշված խնդիրների լուծումը կառավարման համակարգի փոփոխության հետ է կապված, ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հայտարարություն է արել, որում մասնավորապես նշվում է. «Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյուկտուրան և զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի և պատասխանատվության զգալի բաձրացման, և կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար»:

Հիշեցնելով, որ նմանատիպ նախաձեռնություններով պարբերաբար հանդես են եկել ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», Ս. Նիկոյանը նշեց, որ աշխարհում հայտնի են այնպիսի նախագահական կառավարման համակարգով երկրներ, որտեղ ԲՀԿ-ի կողմից բարձրացվող խնդիրները բավականին արդյունավետ լուծումներ են ստացել:

«Բոլոր այն խնդիրները, որոնք կան մեր երկրում` կապել կառավարման համակարգի հետ, կարծում եմ ճիշտ չէ: Կան նախագահական կառավարման համակարգով մեծ հաջողություններ արձանագրած երկրներ և պառլամենտական մոդելի երկրներ, որոնք այս խնդիրներին արդյունավետ լուծումները չեն տվել»,- ասաց Ս. Նիկոյանը:

Նրա խոսքերով, ներկայումս գործող կիսանախագահական համակարգն ի զորու է մեր երկրում առկա խնդիրներին բավականին արդյունավետ լուծումներ տալ և տալիս է:

«Ուրիշ բան, որ կան քաղաքական ուժեր, որոնք շատ հասկանալի պատճառներով չեն ցանկանում այդ լուծումները տեսնել: Մեր երկրում սկիզբ առած բարեփոխումները շարունակվում են և դրանք լայն թափով շարունակվելու են նաև նախագահական ընտրություններից հետո»,- եզրափակեց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը:

Placeholder
Ս. Նիկոյան. Պառլամենտական կառավարման համակարգի անցման գաղափարը նոր չի ներմուծվել