«Փուչիկների գործ». Փաստաբանը բողոքարկելու է դատարանի վճիռը
Իրավունք
09:15 09/11/2012

«Փուչիկների գործ». Փաստաբանը բողոքարկելու է դատարանի վճիռը

«Փուչիկների գործ»-ով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը պատրաստվում է բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Կարեն Մանուչարյանն ասաց, որ առաջիկայում վերաքննիչ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան: Նա մարտավարական նկատառումներից ելնելով չմանրամասնեց, թե հատկապես ինչ է պահանջելու վերաքննիչ բողոքով:

Վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը ավարտվելու է նոյեմբերի 17-ին:

Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Սերոբ Բոզոյանը ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Իսկ կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով:

Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, կփոխվի, երբ դատարանի վճիռը մտնի օրինական ուժի մեջ, այսինքն` հրապարակումից մեկ ամիս հետո:

Placeholder
«Փուչիկների գործ». Փաստաբանը բողոքարկելու է դատարանի վճիռը