Ադրբեջանը, վաղ թե ուշ, ստիպված կլինի համակերպվել արցախահայության ինքնորոշման հետ
Քաղաքական
14:05 09/11/2012

Ադրբեջանը, վաղ թե ուշ, ստիպված կլինի համակերպվել արցախահայության ինքնորոշման հետ

Ադրբեջանը, վաղ թե ուշ, պետք է համակերպվի այն իրողության հետ, որ արցախահայության ինքնորոշումը անդառնալի է: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Ըստ բանախոսի` միջազգային պրակտիկան հուշում է, որ երբ արհեստական ձևավորված բազմազգ պետությունները կազմաքանդվել են, ապա դեպքերի բերումով իշխող դարձած ազգ համակերպվել է ինքնորոշված ժողովուրդների և տարածքների կորստի հետ և, վերջիվերջո ճանաչել է վերջիններիս անկախությունը:

Սակայն հրադադարից հետո անցած ժամանակը ադրբեջանական կողմը օգտագործել է, ոչ թե ստեղծված իրողությունն իմաստավորելու և առաջ շարժվելու համար, այլ սեփական ժողովրդի մեջ հայատյացություն և անիրականանալի երազանքներ ներարկելու համար:

Եվ հենց այդ պատճառով, ստեղծված իրավիճակում խաղաղության պահպանման միակ գրավականը հայկական զինված ուժերն են:

«Ադրբեջանական կողմին զսպելու միայկ երաշխիքը հայկական երկու պետությունների զինված ուժերն են և շնորհիվ նրանց մարտունակության թշնամին չի համարձակվում խոսքից անցնել գործի»,- նշեց Դավիթ Ջամալյանը:

Բանախոսի համոզմամբ, հայկական կողմը բանակցային գործընթացում նահանջի տեղ չունի: Փորձագետը շեշտեց, որ ինքնորոշման հենքի վրա ծագած հիմնախնդիրները գրեթե բացառում են լուծման փոխզիջման տարբերակը և խնդրի լուծման միակ ելքը ինքնորոշված ժողովրդի անկախ և ազատ ապրելու իրավունքների ճանաչումն է:

«Մենք չենք կարող զիջել մեր հայրենիքի մի մասը հանուն չգիտես ինչի և էլ ավելի մեծացնենք թշնամու նկրտումները»,- նշեց Դավիթ Ջամալյանը

Հենց այս իրողություններից ելնելով, ըստ փորձագետի, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը լինելու է տևական և հիմնախնդիրը շուտափույթ լուծում ակնկալելը իրատեսական չէ:

Placeholder
Ադրբեջանը, վաղ թե ուշ, ստիպված կլինի համակերպվել արցախահայության ինքնորոշման հետ