Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ Նախագահի «առողջական խնդիրների» մասին պարբերաբար շրջանառության մեջ դրվող լուրերը ապատեղեկատվություն են: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը` պատասախանելով հարցին, թե իրականությանը համապատասխանում են արդյոք որոշ կայքերի տարածած լուրերը, ըստ որոնց իբր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը առողջության հետ կապված խնդիրներ ունի:
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական որևէ խնդիր չունի: ՀՀ Նախագահը լիովին առողջ է: Ավելին՝ արձակուրդի ընթացքում անգամ պրոֆիլակտիկ բուժզննում նախատեսված չէ»,-ասաց Ա. Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Ավարտելով պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
Ըստ երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության, Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև Լիոն, որտեղ հանդիպում կունենա քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, այնուհետև Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպ շրջանի առևտրաարդյունաբերական պալատում կհանդիպի Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: