Պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ իր վրա է վերցրել Մոսկվայում զինծառայողի բուժման ծախսերը
Հասարակություն
11:46 14/11/2012

Պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ իր վրա է վերցրել Մոսկվայում զինծառայողի բուժման ծախսերը

Զինծառայող Արթուր Քոչարյանը, որի մոտ հայտնաբերվել էր արյան համակարգի հիվանդություն, տեղափոխվել է Մոսկվա և բուժվում է Դմ. Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանը:

«Արդեն մի քանի օր է, ինչ Արթուրն ընդունվել է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ վերցրել է իր վրա բուժման ծախսերը», -ասաց Արտաշես Փարսադանյանը: Նշենք, որ այս պահին բուժման համար պահանջվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

Բուժվարչության պետի ներկայացմամբ, Արթուրի մոտ արյան համակարգի ծանր հիվանդություն է առաջացել, և բուժման հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար պետք է ուղղակի հուսալ, որ լավ կլինի:

Արթուր Քոչարյանի հայրը Մոսկվայից մեզ հետ զրույցում ասաց, որ երեխային տեղափոխել են նոյեմբերի 8-ին և բուժումն արդեն սկսվել է: Նրա խոսքով, հիվանդությունն առաջացել է դեղնախտից (հեպատիտ B): «Չեն հետևել նորմալ, լյարդի ֆունկցիայի խանգարում է եղել նրա մոտ, թույն է արտադրվել, և ոսկրածուծը լրիվ վնասվել է», -բժիշկների բացատրածը փոխանցեց հայրը:

Սակայն Արտաշես Փարսադանյանն էլ նկատեց, որ Արթուրը հիվանդացել է սեպտեմբերի 27-ին: «Հենց այդ ժամանակ էլ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց ինֆեկցիոն բաժանմունք` դեղնուկ ախտանիշով, որը արյան բնորոշ հիվանդությունների գունավորում է: Ուշադրություն, իհարկե դարձվել է երեխայի նկատմամբ, Մոսկվայից հատուկ մասնագետներ ենք հրավիրել հետազոտել են: Պառկելու օրից հիվանդությունը պարզ է եղել», -փոխանցեց Փարսադանյանը:

Այժմ Արթուրի մոտ են հայրը և մայրը: Բուժման ելքի մասին բժիշկները ոչինչ չեն ասում, իսկ ծնողները աղոթում են որդու առողջացման համար:

Հարակից լուրեր. «Ուրիշ ճար չկա». Ծանր հիվանդ զինվորի հուսահատ հայրը մեկնում է Մոսկվա

Զինծառայողի մոտ արյան ծանր հիվանդություն է հայտնաբերվել. Հայրը գումար է փնտրում 

Placeholder