Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարների հանդիպումը
Մշակույթ
12:12 14/11/2012

Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարների հանդիպումը

Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարները քննարկել են մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելուն առնչվող հարցեր:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնականա «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայան հաղորդագրության՝ ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական վաղեմի մշակութային հարաբերություններին, նշել է. «ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի հիմնումը մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության նոր էջ բացեց: Այս տարիների ընթացքում երկու երկրների մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև ուսանողների մասնակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ»:

Հասմիկ Պողոսյանն էլ իր հերթին, անդրադառնալով Իրանում և Հայաստանում գտնվող հայկական և իրանական մշակութային հուշարձաններին, նշել է. «Վերջին տարիներին Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթի պահպանության և բարեկարգման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել, բացի այդ, Իրանի իշխանությունները ևս մեծ աջակցություն են ցուցաբերել Իրանում գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանության և վերականգնման գործին»:

Հայաստանի մշակույթի նախարարի՝ Իրան կատարած այցի ընթացքում նախատեսված է նաև այցելություն Շիրազ և Իսֆահան քաղաքներ:

Placeholder
Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարների հանդիպումը